Հրայր Թովմասյանն ուզում է, որ հարցը դառնա քաղաքական. Իգիթյան |aysor.am|

aysor.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը համակարծիք չէ պնդումների հետ, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե՞ չէ, ե՞րբ եք ուղարկել: Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում են տուն, դուռը ջարդում, առանց սանկցիա թևերը ոլորում տանում: Հարուցվել է գործ և այդ գործի շրջանակներում կան հանագամանքներ, որոնք պիտի պարզվեն ու դրա շրջանակներում հարցեր են տրվում: Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ աշխարհում բոլորին հալածում են, որովհետև բոլորին հարցեր են տալիս ու սպասում ճշգրիտ պատասխանների», - ասաց Իգիթյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Դիտարկմանը, թե արդյոք այս գործընթացը ուղղված չէ ՍԴ նախագահի դեմ, Իգիթյանն ասաց.

«Հրայր Թովմասյանից եկեք չխոսենք, որովհետև Հրայր Թովմասյանն ինքն ուզում է, որ հարցը դառնա քաղաքական: Նա անընդհատ անում է քաղաքական հայտարարություններ»:

x