Հայաստանն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով գույքի եւ սեփականության լիարժեք պաշտպանություն: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:

«Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում ներդրողներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը, էներգետիկան և մի շարք այլ ոլորտներում: Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով գույքի եւ սեփականության լիարժեք պաշտպանություն:

Օտարերկրյա ներդրողները կարող են ազատ, անարգել մուտք գործել ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր երկրի ներսում, առանց սահմանափակումների անձնակազմ հավաքագրել, օգտվել շահույթի անվճար և անսահմանափակ վերադարձման իրավունքից, իրականացնել արժույթի անսահմանափակ փոխանակում շուկայական փոխարժեքով և ունենալ ազգայնացումից պաշտպանող երաշխիքներ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը, որը պաշտպանում է նրանց ներդրումներին վերաբերող օրենսդրական փոփոխություններից, նույնպես երկրի արտաքին ներդրումների շրջանակի մի մասն է: Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ՝ Միացյալ Նահանգները:

Վարչապետը հիշեցրել է՝ Հայաստանը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի անդամ է: «Մենք 46 երկրի հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր ունենք: Սա նշանակում է, որ ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ համահավասար վերաբերմունք (ազգային ռեժիմ ներդրողների համար), պաշտպանություն սեփականազրկումից, միջոցների ազատ փոխանցում և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն»,-նշել է նա:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով Հայաստանը 190 երկրի շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը: Բիզնես սկսելու դյուրինության առումով՝ Հայաստանը աշխարհում 8-րդն է, իսկ գույքը գրանցելու առումով՝ 14-րդը: Տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 47-րդ ամենաազատ տնտեսությունն է աշխարհում: Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել` բարելավելու մեր բիզնես միջավայրը:

Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ ՀՀ կառավարությունն աշխատում է օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ առավել բարենպաստ առևտրային ռեժիմ սահմանելու, օտարերկրյա ներդրողներին համապատասխան երաշխիքներ տրամադրելու, ինչպես նաև վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար: Ներկայում մենք աշխատանքներ ենք տանում հնարավորությունների ընդլայնման և պետություն-մասնավոր հատված գործընկերության համար հստակ իրավական դաշտ սահմանելու ուղղությամբ:

««Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր մայրցամաքային երկիր է». այս նկարագրությունը Դուք կարող եք գտնել բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Համաձայն եմ, մենք փոքր երկիր ենք: Բայց մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ինչը մեզ մեծ է դարձնում: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները: Ոմանք կարող են պնդել, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես այստեղ եմ այդ տեսակետը վիճարկելու համար: Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության շուկայի, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներն օգտվում են GSP+ արտոնյալ ռեժիմից՝ Եվրամիության հետ եւ GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Այս հավակնոտ համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ աշխատեն ի նպաստ ՀՀ քաղաքացիների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների ստեղծման, առավել արդար խաղի կանոնների, ավելի մեծ ապահովության, ավելի մաքուր միջավայրի, ինչպես նաև ավելի որակյալ կրթության և հետազոտությունների իրականացման համար:

Ինչ վերաբերում է նախարարությունների թվի կրճատման մասին լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կրճատելու որոշման համար կային պարզ պատճառներ: «Մեր բարեփոխումների օրակարգի նպատակներից է պետական կառավարման օպտիմալացումը և ավելի արդյունավետ պետական հաստատությունների ստեղծումը: Նախարարությունների թվի կրճատումը կօգնի մեզ հասնել այդ նպատակին և բարձրացնել կառավարման արդյունավետությունը»,-նշել է նա:

Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանում բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: Հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա: «Միևնույն ժամանակ թույլ տվեք Ձեզ հետ կիսվել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներով: 2018 թվականին մենք արձանագրել ենք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանել ենք չափավոր գնաճի մակարդակը:

Սրանք շատ դրական արդյունքներ են հեղափոխություն տեսած տարվա համար: Մենք ունենք արտահանման 9 տոկոս աճ: Այս տարի դրական դինամիկան շարունակվում է՝ տարվա առաջին կիսամյակում արձանագրված 6,5 տոկոս աճով: 2019 թվականի օգոստոսին «Մուդիզ»-ը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը Ba3-ի: Այս արդյունքները խոստումնալից են. այնուամենայնիվ, պետք է շատ ավելին անել»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

x