ԱՄՆ զորքերն Ախալքալաքում տեղակայելը քննարկում ենք որպես Քոֆիի սեփական առաջարկ. Գոգուաձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում անդրադառնում են Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելու մասին առաջարկին։

«Լյուք Քոֆիի հայտարարությունը քննարկում ենք որպես նրա սեփական առաջարկ», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն՝ անդրադառնալով ամերիկյան Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆիի առաջարկին, ըստ որի Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը կարելի է տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:

Գնահատական տալով վերլուծաբանի նախաձեռնությանը, վրացի պատգամավորը նշել է, որ այս հարցը երկրների միջև պաշտոնական մակարդակով չի քննարկվել:

«Սա փորձագետի ​​դիրքորոշումն է ընդամենը և այն քննարկվում է որպես նրա սեփական առաջարկ: Վրաստանի շահերից է բխում, որ երկիրն ավելի անվտանգ լինի, դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անշուշտ, մենք ձգտում ենք, որպեսզի Վրաստանն ցանկացած ագրեսիայից էլ ավելի պաշտպանված երկիր լինի», -հայտարարել է Գոգուաձեն:

Հիշեցնենք, որ Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին Twitter-ի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազայում:

x