Իրաքում ընթացող ցույցերի պատճառով զոհվել է 2 հոգի |armenpress.am|

armenpress.am: Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:

Բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում այրում են պետական կառույցները:

«Բողոքի ակցիայի երկու մասնակից զոհվել է, 337 հոգի վիրավոր է: Իրավապահ մարմիններից տուժել է 72 հոգի»,- հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը:

Ցուցարարները այրել են Սամավա քաղաքի ընտրական հանձնաժողովի շենքը, իսկ Վասիտ նահանգում քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է մարել քաղաքական տարբեր կուսակցությունների գրասենյակներում բռնկված կրակը:

Ավելի վաղ, իրաքյան շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս-Սիստանին հորդորել էր ցուցարարներին և ուժայիններին զերծ մնալ բռնությունից և արյունահեղությունից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցերի ժամանակ՝ հոկտեմբերի 1-ից մինչ ամսվա կեսը, զոհվել է 149 ցուցարար, վիրավոր է մոտ 3.5 հազարը:

Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը:

Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին հոկտեմբերի 24-ի գիշերը հայտարարել էր, որ պատրաստվում են փոխել ընտրությունների մասին օրենքը:

x