Առաջընթացը բավարար գնահատել չի կարելի. Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մասին |aysor.am|

aysor.am։ Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով, ՀՀ ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ու ակտիվ մաս են կազմում ՀՀ-ԵՄ երկխոսության կոնտեքստում», - ասաց ԱԳ նախարարը։

Նա նշեց, որ Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի։

Մնացականյանի խոսքով՝ Բուլղարիայի փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքում ստորագրել են երկու փաստաթուղթ։

Դրանցից մեկն, ըստ նախարարի, ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն է, մյուսը՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։

x