Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում.Դավիթ Սանասարյան |factor.am|

factor.am: Factor.am-ը զրուցել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի հետ

-Պարո՛ն Սանասարյան, այսօր Ձեր գործով առաջին դատական նիստն էր, և դատարանը մերժեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում ձեր լիազորությունները վերականգնել։ Ի՞նչ կասեք դատարանի որոշման մասին։

-Իհարկե, չեմ ողջունում այդ որոշումը, որովհետև, տեսե՛ք, դատավորն ինքն ասաց, որ սա մի տարի չի տևելու, երկար է տևելու, իսկ դա նշանակում է, որ ես երկար ժամանակ զրկվելու եմ վաստակելու իմ իրավունքից։ Բնականաբար, բացի այն, որ ֆինանսական խնդիրներ եմ ունենալու, նաև՝ իմ մասնակցությունը պետական կառավարման ոլորտի այս կարևոր շրջանում բացակայում է, ինչը, կարծում եմ, սխալ է և շատերը հենց դա էին ուզում և նախաձեռնվեց այս ամեն ինչը։

-Ասում եք, որ Ձեր նկատմամբ հետապնդում է, որ որոշ ուժեր Ձեզ հեռու պահելու քաղաքականություն են վարում: Ի՞նչ ուժեր են դրանք, կխնդրեմ բացել փակագծերը։

-Որոշ հանգամանքներ հաշվի առնելով ես ենթադրում եմ՝ որոշ ուժերի, և նրանց հետևում կանգնած ուժերի ձեռքի գործն է այս ամեն ինչը։ Ես դատից հետո հստակ ասացի, որ դա նախորդ իշխանությունների ներկայացուցիչների միջամտություններն են, որովհետև ի դեմս ինձ՝ տեսնում են իրենց հակառակորդին, և քանի որ ուժային մարմիններում մնացել են նախորդ իշխանության ներկայացուցիչները, նրանք կարողացան․․․ Ասուլիսի ժամանակ հստակ նշեցի, որ ԱԱԾ նախկին տնօրենը իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։ Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում։

-Ի՞նչ հանցավոր տարրեր եք ակնարկում՝ հաջակցություն Ալեն Սիմոնյանի։

-Ընտրությունների օրերին ես համայնքի բնակիչներից եմ տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն՝ խնդիրներ կունենաք, պետք է աջակցեք Ալեն Սիմոնյանին։ Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել։ Այս մասին տեղյակ եմ պահել վարչապետին, տեղյակ եմ պահել Վանեցյանի այլ գործողությունների մասին ևս, մասնավորապես՝ նա պարտադրում էր ամեն տեղ աշխատանքի ընդունել իր թեկնածուներին, տեղյակ եմ պահել, որ երբ նա դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում Ռուբեն Հայրապետյանին պատկանող ծաղկի շուկան ժառանգություն անցավ Արթուր Վանեցյանին։ Ես ասել եմ, որ անընդունելի է այս ամեն ինչը։ Դուք վաղն առավոտյան գնացեք ծաղկի շուկա և փորձեք ծաղիկ գնել, տեսե՛ք՝ Ձեզ ՀԴՄ տալի՞ս են, թե՝ ոչ։ Եթե Ռուբեն Հայրապետյանից չի անցել Արթուր Վանեցյանին, փաստն այն է, որ նրա ընտանիքին է պատկանում։ Արթուր Վանեցյանը նաև փորձել է իմ մոտ ընդունել մարդկանց աշխատանքի, բայց մերժում է ստացել տարբեր պատճառներով, և նա սկսեց ուրիշ քայլեր իրականացնել։

-Այսինքն՝ Ձեր և Արթուր Վանեցյանի միջև հակասությունը եկել է նախընտրակա՞ն փուլից։

-Մինչև նախընտրական փուլն էլ կար հակասություն մեր մեջ, երբ ՊՎԾ-ն սկսեց աշխատանքներ Ֆուտբոլի ֆեդերացիան ուսումնասիրելու, դա իր դուրը չեկավ։ Աշխատողների միջոցով ինձ էր փոխանցում, որ խնդիրներ եմ ստեղծում։ Իմիջիայլոց, ինձ համար տարակուսելի էր՝ քիչ առաջ, երբ դատարանից ես գալիս էի, Արթուր Վանեցյանը ռուսական պետհամարանիշներով «Տոյոտա» մակնիշի մեքենայով սլանում էր Արշակունյաց փողոցով; Ինձ համար սա ոչ թե հակապետական է, այլ մարդը 5 րոպե առաջ երկրի ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում։

-Դուք այսօր ԱԱԾ-ում համակարգային փոփոխությունների մասին եք խոսել․ «Լավ կլինի լյուստրացիա տեղի ունենա, թե այդ անձինք ում են ծառայում։ Տարբեր ենթադրություններ ունեք, որ նախորդ ռեժիմից ազդեցություններ կան»։ Ինչի՞ց եք նման եզրահանգման եկել։

-Մենք վստահ չենք՝ այդ աշխատակիցները արդյոք ծառայում են Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՝ չէ։ Իհարկե, բոլորի մասին չէ խոսքը։ Դրա համար լյուստրացիա պետք է տեղի ունենա, որովհետև շատ այդպիսի աշխատակիցներ կան, որոնք հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ, այլ ոլորտներում աշխատող մարդիկ։ Ունեմ իմ ինֆորմացիան, որի մասին չեմ ուզում խոսել։ Պետք է լինի համակարգային լյուստրացիա և շատ լավ պետք է իմանալ՝ ովքե՞ր են ծառայում ՀՀ-ին, ովքե՞ր են ծառայում Հայաստանի այն ուժերին՝ նախորդ իշխանությունների տարբեր շրջանակներին, այդ հարցերի պատասխանը պետք է հնչի։

-Եթե Դուք ասում եք, որ խնդիրը ԱԱԾ-ի հետ է, Արսեն Թորոսյանի ներգրավվածությունն այս ամենում ինչպե՞ս կբացատրեք։

-Դուք լավ գիտեք, որ նա նաև ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ է։ Այդ մարդը երբևէ աչքի չի ընկել որպես ֆուտբոլասեր, բայց չգիտես՝ ինչպես դարձավ ՀՖՖ անդամ։ Ես ենթադրել եմ, որ հավանաբար, իմ դեմ հետապնդման որոշումը կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։ Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և ես իրեն տեղեկացրել էի, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք Առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ։ Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է։ Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունը ընդունվեց որպես փաստ։

-ՊՎԾ-ն լայնածավալ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում, ի դեպ, ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հրաժարականից հետո, սա ինչի՞ հետ է կապված, այսինքն՝ Վանեցյա՞նն էր խոչընդոտում այդ կառույցում ստուգումներ անելուն։

-Բոլոր մարմինները օրենքի առաջ հավասար են՝ անկախ նրանից, ինչ լիազորություններ ունեն, և ես միայն ողջունում եմ այս որոշումը։

 

x