Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է. Փաշինյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին |tert.am|

tert.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցությանն ու անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին:

Խոսելով Ադրբեջանին զենք մատակարարող երկրների մասին, որոնց թվում են նաև ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից պետությունները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել կառույցի արդյունավետության գործոնի վրա:

«Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է: Ո՞րն է ԵԱՏՄ-ում Հայաստանի համար առաջին նպատակը՝ Կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնել: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում արդյունավետ է ստացվել: Մեզ հաջողվել է ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ողջ աշխարհում: Նույնը վերաբերում է և ՀԱՊԿ-ին:

Ո՞րն է նպատակը՝ անել ամեն ինչ, որպեսզի Կազմակերպությունը՝ որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների համար, դառնա ավելի արդյունավետ: Դա հեշտ աշխատանք չէ, սակայն ուրախ եմ, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես կդառնա առավել արդյունավետ»,- մեկնաբանել է Փաշինյանը:

x