Որոշումը կլինի դաշնակցային. Փաշինյանը՝ գազի գնի մասին |tert.am|

tert.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ պարբերականին՝ նշելով, թե ինչպես է Երևանը մտադիր կարգավորել գազի գնի հարցը Մոսկվայի հետ, ինչպես նաև անդրադարձել է վերջերս ի հայտ եկած այլ խնդրահարույց թեմաների:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական դաշնակիցների միջև բանակցությունները հստակ արդյունքների կհանգեցնեն: «Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, դա տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե որ գինը չի կոտրի այդ դինամիկան՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դա հաշվարկների հարց է, որոնցով հիմա զբաղվում են: «Որոշումը կլինի դաշնակցային: Մեզ մոտ գազի ներքին գինը չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում: Գնման գինը այլ հարց է: Դա մեծ նշանակություն չունի սպառողների տեսանկյունից: Մեզ համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Մենք պետք է այնպիսի բանաձևեր մշակենք, որ և՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունն արդյունավետ լինի, և՛ գազի գինն արդյունավետ լինի:

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիների» շուրջ ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-ների կողմից:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ և նախնական պայամանվորվածություն ունենք, որ աշխատելու ենք, որ Հայաստանում առավել արդյունավետ դարձնենք Հարավկովկասյան երկաթուղիների ներդրումային ծրագիրը: Գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք»,- պարզաբանել է վարչապետը՝ հավելելով, որ պայմանագրի վաղաժամ լուծարման նախադրյալներ չի տեսնում:

x