Կենսալաբորատորիաներն ընդհանրապես ոչ մի ռազմական նպատակ չունեն․ Փաշինյան |news.am|

news.am: Հայաստանը եւ Ռուսաստանը աշխատում են հուշագրի վրա, որը երաշխավորում է Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հասանելիությունը ռուսաստանցի մասնագետներին։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք աշխատում ենք հուշագրի վրա։ Սակայն անցյալ տարի ձեզ հետ մեր զրույցից հետո իմ անձնական հանձնարարությամբ թույլատրվել է ռուս մասնագետների մուտքն այդ օբյեկտներ, որպեսզի համոզվեն, որ դրանք Ռուսաստանի համար որեւէ սպառնալիք չեն ներկայացնում։ Դրանք ընդհանրապես որեւէ ռազմական նպատակ չունեն, դրանք կենսալաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են միայն բուժական նպատակներով։ Կարծում եմ՝ մեր ռուսաստանցի գործընկերները դրանում համոզվեցին։

Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, դա շատ կարեւոր է։ Իմիջիայլոց, այդ լաբորատորիաներն արժեքավոր են եւ կարեւոր են Հայաստանի համար։ Մենք շնորհակալ ենք նաեւ մեր ամերիկյան գործընկերներին այն բանի համար, որ նրանք աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքը ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը։

Մենք դեռեւս աշխատում ենք հուշագրի տեքստի վրա։ Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերի պահպանումն է, որպեսզի ոչ ոք, ոչ մի մեր գործընկեր այդ լաբորատորիաների հետ կապված մտավախություն չունենա»,- ասել է Փաշինյանը։

x