ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ քվեարկության կդրվի Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, քվեարկության է դրվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Washington Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննությունների ձայնագրությունները:

Պատգամավոր Ջիմ Մակգովերնը նշել է, որ այս շաբաթ բանաձև կներկայացնի իմպիչմենտի հիմքերի վերաբերյալ հետաքննության «թափանցիկությունն ապահովելու համար»: Այսպիսով, դա կլինի իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ առաջին պաշտոնական քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում:

Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամներն այժմ հետաքննություն են անցկացնում Թրամփի իմպիչմենտի գործընթացի շրջանակում, իսկ Հանրապետականները նրանց մեղադրում են, որ գործընթացը չի ձևակերպվել պատշաճ կերպով՝ չի դրվել ընդհանուր քվեարկության: Փելոսին հայտարարել է, որ դրա անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովներն ունեն բոլոր իրավունքները հետաքննություն իրականացնելու համար:

x