RElection [#18] Վերջին 30 տարիների ընթացքում բիզնեսը ավելի շատ ֆինանսավորել է այն կուսակցությանը, որը այդ պահի դրությամբ եղել է իշխանության. Կարեն Սիմոնյան

«Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների թեմայով զրուցել ենք Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ:

- Պարո՛ն Սիմոնյան, նախորդ անգամ այս թեմայով զրուցում էինք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ, և նա Ձեզ միանգամից երկու հարց է ուղղել: Ներկայացնեմ նրա առաջին հարցը.

«Ինչպիսի՞ն է Ձեը կարծիքը կայուն մեծամասնության գաղափարի վերաբերյալ. արդյո՞ք մենք պետք է խորհրդարանում ունենանք կայուն մեծամասնություն, թե՞ ձգտենք կոալիցիոն կառավարման»:
- Շնորհակալ եմ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից խոսելու հնարավորության համար: Պատասխանելով տիկին Նազարյանի բարձրացրած հարցին` կարող եմ ասել, որ կայուն մեծամասնությունը, իմ կարծիքով, ոչ ժողովրդավարական կոմպոնենտ է պարունակում: Ցանկացած դեմոկրատական պետություն պետք է ձգտի, որ կառավարությունը լինի կոալիցիոն, որովհետև կոալիցիոն կառավարությունը նշանակում է, որ կառավարության կազմում ներկայացված են մեկից ավելի քաղաքական ուժեր, հետևաբար, եթե ցանկացած քաղաքական ուժ ներկայացնում է հասարակության այս կամ այն շերտը, դրանից ենթադրում է, որ կառավարության մեջ ներառված են ավելի շատ հասարակական շերտեր:

Իհարկե, անհնար է բոլոր հասարակական շերտերի՝ այն մարդկանց, որոնք մասնակցել են քվեարկությունների, ձայնը տեղ գտնի կառավարության մեջ, բայց կոալիցիան, որ բաղկացած է մի քանի քաղաքական ուժերից, ավելի է ընդլայնում այդ շրջանակը, և ավելի շատ է նպաստում ժողովրդավարությանը:

- Ներկայացնեմ տիկին Նազարյանի երկրորդ հարցը.

«Հայաստանը նոր է ոտք դնում խորհրդարանական կառավարման ճանապարհին, մենք նոր-նոր ենք ձևավորելու պառլամենտարիզմի ավանդույթները: Այսպիսով, ինչպիսի՞ ավանդույթներ պետք է ձևավորենք»:

- Ավանդույթները, ինձ թվում է, առաջին հերթին կապված են քաղաքական նոր մշակույթի հետ. դա բանախոսելու, բանավիճելու մշակույթն է, որը պետք է ունենա նոր քաղաքական համակարգը: Նոր խորհրդարանը մշակում է այնպիսի համակարգ, որը մեզ թույլ կտա բանավիճել ցանկացած հարցի շուրջ:

Իմ կարծիքով, այս պահի դրությամբ լինում են օրինակներ, երբ ԱԺ-ն կամ հանձնաժողովը մերժում են նախագծերը կամ տալիս են բացասական եզրակցություն, սակայն լինում են նախագծեր, որոնք ունեն լայն հասարակական հնչեղություն, և պարտավոր են քննարկել: Նման հարցերում հանձնաժողովը պետք է վեր կանգնի տվյալ պահին քաղաքական իշխանության իրենց կուրսից ու փորձի հնարավորություն տալ տվյալ հարցը քննարկելու:

Իսկ եթե հանձնաժողովը չի կարողանում այդքան լայն հնարավորություններով օժտել, այսինքն՝ թողնել, որ հարցը քննարկվի, ցանկացած հարց, որ գալիս է ԱԺ, պետք է քննարկվի: Եթե հարցը սնանկ է, չունի որոշակի իրավական, գաղափարական կամ քաղաքական հիմք, ցանկացած քննարկում անմիջապես բացահայտում է: Պետք չէ ափսոսալ ծախսած ժամանակի վրա, որովհետև ցանկացած դեպքում ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է գաղափարները աշխատեն, բարձրաձայնվեն, և բանավեճի ընթացքում, որ տեղի կունենա այդ հարցի շուրջ, շատ հնարավոր է` ծնվի այլ գաղափար, որը կունենա այլ բովանդակություն և այլ դրական փոփոխություննեը կմտցնի հասարակության ներսում:

Հետևաբար, առաջին հերթին դա բանավեճի մշակույթն է, երկրորդը քննարկումների լայն շրջանակն է, որպեսզի քննարկվի ցանկացած միտք, չմերժվի, և երրորդը փոխադարձ հարգանքն է, այսինքն` վեր կանգնել միջանձնային շփումներից, միջանձնային հարաբերություններից ու քննարկել գաղափարները, ոչ թե մարդկանց:

- Մի քանի օր առաջ ԱԺ-ում կայացան լսումներ «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետները Դուք էիք ներկայացնում:

Դուք առաջարկում եք, որ խորհրդարան չանցած կուսակցություններից պետական ֆինանսավորում ստանան նրանք, որոնք առնվազն երկու տոկոս ձայն են հավաքել: Այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք այդ երկու տոկոսը չեն հավաքել, բայց խնդիր ունեն կայանալու, զարգանալու, որ մասնակցեն հաջորդ ընտրություններին, ի՞նչ պետք է անեն և ինչպե՞ս պետք է ֆինանսավորվեն:

- Պետական ֆինանսավորումն ինքնանպատակ չէ, նպատակաուղղված է կուսակցական կարողությունների ու հնարավորոյթյունների զարգացմանը: Այս պահի դրությամբ Հայաստանում թղթի վրա գոյություն ունեն, եթե չեմ սխալվում, 80-ից ավելի կուսակցություններ, որոնց գործունեության մասին որոշակի ինֆորմացիա մենք ստացել ենք 60-ից: Սակայն թե այդ 60-ի մեծ մասում ովքեր են ներգրավված, ինչ անհատների են ներկայացնում, ինչ սոցիալական խմբերի շահեր են պաշտպանում՝ մենք ինֆորմացիա չստացանք: Դրանց մեծ մասն անհատ-կուսակցություններ են կամ իրավաբանական անձեր են, որոնք գրանցվել են մեկ անձի կողմից, ունեն նախագահ, քարտուղար, սակայն թե ինչ ուղղվածության են ու ինչով են այսօր զբաղվում, մենք չենք կարող ասել:

Ու այդ հիմքով, որ զուտ նա կուսակցություն է, ստանա պետական ֆինանսավորում, ինձ թվում է՝ ոչ նպատակահարմար է: Դա Կլինի պետական միջոցների վատնում և, մյուս կողմից, կարող է դառնալ չարաշահման հիմք, որպեսզի, օրինակ, մարդիկ կարողանան 100 հոգով հավաքվել ու ստեղծել կուսակցություն, ինչը թույլ է տալիս այսօրվա օրենքը. շատ լիբերալ է այսօրվա օրենքը կուսակցությունների ստեղծման մասով: Դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ գործարար մարդկանց միություն, որոնք ձեռներեց են, փորձեն ինչ-որ ձևով օգտվել այդ հնարավորությունից: 

Ինչո՞ւ հենց որոշակի տոկոս: Տեսե՛ք, երկու տոկոսը ՀՀ-ում բավականին մեծ տոկոս չէ: Եթե հիշեք, որ անցած ընտրություններին մասնակցել է 1 մլն 3 հարյուր հազարից մի քիչ ավել մարդ, մենք կարող ենք ասել, որ երկու տոկոսը ընդամենը 26 հազար մարդ է, այսինքն` եթե տվյալ կուսկցությունը գոնե չունի նման փոքրաթիվ աջակցություն, հետևաբար իր գաղափարները չեն վայելում այն հնարավարորությունները, որ մենք տեսնում ենք այս պահին: Այսինքն` կարող ենք պնդել, որ այս պահին դրանք գոնե ակտուալ չեն, այդքան լայն տարածում չեն գտել: Քանի որ փողը, հիշեք, տալիս է պետությունը, դա հենց հանրության փողն է, և հանրությունը իր ձայնի միջոցով տալիս է հնարավորություն այդ կուսակցությանը հետագայում օգտվելու իր մուծած հարկերից, բաշխումներից, և դրանով ամրանալու կամ ուժեղանալու կամ գտնելու այլ ճանապարհներ, որովհետև նման պարագայում, եթե կուսակցությունը չի հավաքել գոնե մինիմալ աջակցության շեմը, պետք է հասկանա հետևյալը. արդյո՞ք նպատակահարմար է նման գաղափարների տարածումը, միգուցե դրանք ոչ պոպուլյար են, այս պահի դրությամբ Հայաստանում չեն վայելում ժողովրդականություն, հետևաբար ինքը կարող է մտածել ռեֆորմների փուլով և հնարավորություն տա ինքնուրույն գտնելու, այսինքն՝ գոյատևելու ոչ հանրային միջոցների հաշվին:

Այսինքն՝ մենք գտնում ենք մի ֆիլտր, որը հնարավորություն է տալիս մեզ հետագայում հասկանալու տվյալ կուսակցության կենսունակության չափը, որովհետև բոլորին հավասարաչափ տալը արդյունք չի տալու, կուսակցական համակարգը չի զարգանալու:

Տեսե՛ք, նախորդ ընտրություններին մասնակցել է, ասենք, 15 կուսակցություն, 15-ից կամ 10 կուսակցությունից (սա տեսականորեն եմ ասում) անցել է 2 տոկոսի շեմը 8-ը: Դրանցից 2-ն են մտել խորհրդարան: Ստացվեց, որ 6 կուսակցություն ստանում է հնարավորություն որոշակի ֆինանսավորում ստանալու իր գործունեությունը հետագայում ապահովելու համար: Իսկ այն կուսակցությունները, որոնք չեն ստացել առնվազն երկու տոկոս, պետք է մտածեն այլ տարբերակներ, այլ հնարավորություններ ու զարգացման այլ ճանապարհներ, որը նույնպես կնպաստի հետագայում նոր որակի գաղափարներ տարածելու, որովհետև ասում են՝ կարիքը հայտնագործության մայրն է:

Եթե դու չունես հնարավորություն այնպես, ինչպես չուներ «Լուսավոր Հայաստանը» 2015 թվականին (իսկ գիտեք, որ Լուսավոր Հայաստանը պետական ֆինանսավորում ստացել է առաջին անգամ Ելք դաշինքի կազմում 2017 թվականին և 2019 թվականին արդեն որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցություն է միայն ստացել, մենք մենակ այս տարի ենք ստացել ֆինանսավորում պետական՝ որպես առանձին անկախ կուսակցություն), պետք է մտածեն այլ տարբերակներ, ինչպես մենք ժամանակին մտածեցինք: Դա անդամավճաների, նվիրատվությունների դրամահայթյաթման համակարգ է, որը թույլ է տալիս կուսակցությանն այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար ներգրավել հանրային միջոցներ` ունենալով հանրային շատ լուրջ վերահսկողություն և պատասխանատվություն այս ոլորտում, որովհետև «Լուսավոր Հայաստանն» իր ներգրաված ցանկացած գումարի համար կրել է պատասխանատվություն, մենք ունեցել ենք հաշվետվություններ և մեր ցանկացած ներդրողի, ովքեր եղել են մեր դրամահայթայթման երեկոներին, ովքեր մեզ տվել են նվիրատվություններ, մենք պատասխանել ենք, թե որտեղ են ուղղվել գումարները, ինչի վրա են ծախսվել, և ինչ արդյունք է ստացվել:

- Միգուցե այդ կուսակցությունները Ձեր նշած երկու տոկոսը չեն հավաքել, որովհետև չեն ունեցել ֆինանսական միջոցներ նախընտրական քարոզարշավը լիարժեք իրականացնելու համար, իրենց գաղափարներն ամբողջ Հայաստանի տարածքում տարածելու համար: Չպիտի՞ այդ կուսակցությունները ևս ունենան հնարավորություն զարգանալու այնքան, որ հետո կարողնան ավելի մեծ տոկոսներ հավաքել:

- Այստեղ կոնցեպտուալ տարբերություն կա. կուսակցությունների ֆինանսավորումը նրա համար չէ, որ նրանք հնարավորություն ունենան մասնակցելու քարոզարշավներին, քարոզարշավները լրիվ ուրիշ պատմություն են: Խոսքը ֆունկցիոնալության մասին է տարիների ընթացքում, որպեսզի ունենան մինիմալ այն հնարավորությունները, որ տալիս է պետությունը:

Մենք հիմա պարտադրել ենք հետևյալը, որ («Լուսավոր Հայաստանի» առաջարկն է)  ցանկացած պարագայում խորհրդարան անցած կուսակցությունը բոլոր մարզերում պետք է ունենա գրասենյակներ, այսինքն` օրենքի պահանջ մենք պետք է դնենք, որի բեռը պետությունն իր վրա կվերցնի: Այսինքն` կտա միայն ծախսային հոդվածով որոշակի գումար կուսակցությանը, թե ինչքան, մոտավորապես մենք ընդհանուր հաշվարկներ ենք արել, դա առավել մանրամասն կքննարկենք նաև հետագայում: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում. պետությունը դնում է պարտավորություն և այդ պարտավորութունը որոշակիորեն ապահովելու համար տալիս է ֆինանսական միջոցներ: Կուսակցությունը չի կարող այս գումարը ծախսել այլ նպատակի համար, քան գրասենյակներ, աշխատողներ տվյալ գրասենյակում, որը չի կարող գերազանցել որոշակի թիվը, մենք ենթադրում ենք` երկուսը կամ երեքը: Դա մաքսիմալ թիվն է, որ կարող է ունենալ գրասենյակում` կախված այն տարածքից, որտեղ ինքը զբաղեցնում է, այսինքն` այն ազգաբնակչության թվից, որ ինքը սպասարկում է, և դրան գումարած կոմունալների և հասարակ նյութերի տպագրության համար:

Մյուս ոլորտը, որին գումարները պետք է ուղղվեն, առաջին հերթին խորհրդարանական կուսակցությունների կարողության զարգացմանը, որովհետև խորհրդարանականներն ունեն ավելի մեծ պատասխանատվություն, ու կապ չունի այս պահի դրությամբ «Լուսավոր Հայաստա՞նն» է խորհրդարանում, թե՞ այլ քաղաքական ուժ, ցանկացած ուժ, որը գտնվում է խորհրդարանում, պետք է ունենա ավելի մեծ պատասխանատվություն, և ես` որպես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ պետք է հնարավորություն տալ տվյալ կուսակցությանը, որը այս պահին ունի պոզիտիվ պարտավորություն պետության ու քաղաքացիների հանդեպ ու ունի հնարավորություն այդ ամեն ինչը իրացնելու, ունենա առավել լայն հնարավորություններ ու կարողություններ:

Հենց այդ կարողությունների նպաստմանը պետք է ուղղված լինեն գումարները: Իսկ քարոզարշավի համար մենք այս պահի դրությամբ դեռևս չենք քննարկել դրա ֆինանսավորումը, սակայն ենթադրում ենք, որ էլի հիմնականում դա չպետք է լինի պետության կողմից տրամադրվող գումարների հաշվին, այսինքն` պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել քարոզարշավները, պետությունը պարտավոր է հավասար պայմաններ տրամադրել իր նյութական բազայից, այսինքն` շենքերից, շինություններից, իր ունեցած ենթակառուցվածքներից, կապի միջոցներից, Հանրային ռադիոյից, հեռուստատեսությունից, օգտվելու հնարավորություն տա բոլորին հավասարաչափ, այսինքն` կարող է ընդլայնել, կարող է նվազեցնել, սակայն պետք է բոլորի համար նույն հավասարաչափ ժամանակահատվածը տրամադրվի:

Այս պարագայում սա պետության միակ պարտավորությունն է, իմ կարծիքով: Մնացած բոլոր ոլորտներում, ասենք` քարոզարշավի ֆինանսավորում, պետք է դրվի նույն սկզբունքներով, ինչ մենք անում ենք, այսինքն`  դրամահավաքների, անդամավճարների միջոցով, ընդհանուր կուսակցության միջոցներից է հավաքվում: Կուսակցությունը խոշոր գումարների կարիք մնացած բոլոր ժամանակներում չունի, պետք է օպերոցիոնալ ծախսեր կատարել, ինչ-որ նյութեր տպել, քարոզչություն, և այլն, որոնք ընթացիկ ծախսեր են, սակայն մեծ ծախսերի ծավալը գալիս է քարոզարշավի ժամանակ: Պետությունն այդքան քարոզարշավ չի կարող ֆինանսավորել, մի կողմից, որովհետև եթե ինքը տրամադրի որոշակի միջոցներ, պետք է բոլորի համար հավասար պայմաններ սահմանի, այսինքն` կստացվի, որ եթե, օրինակ, բոլորին տալիս է 100 մլն դրամ, բոլորը կարող են ծախսել 100 մլն դրամ, ոչ մի կոպեկ ավել, ոչ մի կոպեկ պակաս, պատասխանատվություն կրել այդ 100 միլիոնի համար, բայց մյուս կողմից էլ այստեղ էլ արդարության սկզբունքն է կորչում, այսինքն` այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն ավելի շատ գումարներ ներգրավելու կամ ինչ-որ միջոցներ անելու, հա՛, դա ավելի հեշտացնում է համակարգը, տալիս եք 100 միլիոն, ասում եք՝ այսինչը պետք անեք, բայց ստեղծարար ջիղն եք կոտրում: Գումար հայթայթելը նույնպես քարոզարշավի մի մաս է, որովհետև եթե ես կարողանում եմ ինչ-որ մեկին համոզել, որ դրամահայթայթման ժամանակ ինքը որոշակի գումար ներդնի, որպեսզի կարողանանք մենք մեր խոսքը տեղ հասցնել, տպագիր նյութեր ունենալ, քարոզարշավի ժամանակ մեքենա վարձել, այդ ամեն ինչի արդյունքը լինում է այն, որ տվյալ անձը հետամուտ է լինում իր գումարների ծախսմանը, հետամուտ է լինում նաև ընտրությունների ժամանակ և քվեարկության ժամանակ: Որևիցե մարդ, որը ֆինանսական ներդրում է արել, ցանկացած տիպի գումար՝ սկսած 1000 դրամից վերջացրած 100 հազար դրամով, ցանկացած մեկը կգնա այդ օրը ընտրության, կկատարի իր քաղաքացիական պարտքը, բայց, մյուս կողմից, նաև վերահսկողություն կունենա տվյալ կուսակցության վրա, որպեսզի հասկանա, թե ինչպես է ծախսել իր տված գումարը տվյալ կուսակցությունը:

- Բանավեճերից մեկի ժամանակ Դուք նշել եք, որ «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագծում պետք է հստակ նշվի, թե կուսակցությունն ինչ աղբյուրներից կարող է ֆինանսավորվել: Որո՞նք են այն աղբյուրները, որոնցից կուսակցությունը չպետք է ֆինանսավորվի, և ի՞նչ պետք է անել, որ կուսակցությունների ֆինանսավորման ժամանակ բացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

- Ցանկացած դեպքում կուսակցության ֆինանսավորումը հանրային միջոցներից է: Մենք դա բաժանել ենք մի քանի մասի. առաջինը պետական ուղղակի ֆինանսավորումն է, երկրորդն անդամավճարներն են և երրորդը` նվիրատվությունները ֆիզիկական անձերից:
Մենք նույնպես գտնում ենք, որ իրավաբանական անձերից պետք է սահմանափակել նվիրատվությունները որոշակի կաշկանդվածություն չառաջացնելու համար, մյուս կողմից, գտնում ենք, որ նվիրատվության և անդամավճարի չափը տարեկան կտրվածքով պետք է հավասարեցվի մեկը մյուսին, որովհետև սկզբունքային տարբերություն այդ երկուսի մեջ չկա: Եթե այսօրվա գործող օրենքը նայենք, մարդը, որ կուսակցության անդամ է, կուսակցությանը կարող է որպես անդամավճար տալ մեկ միլիոն դրամից ոչ ավել տարեկան, իսկ ֆիզիկական անձը, որ ցանկանում է ֆինանսավորել կուսակցությանը, կարող է միանգածից 10 միլիոն դրամ նվիրատվություն կատարել կուսակցությանը: Իհարկե, դա նշանակում է, որ այս երկու սկզբունքները պետք է իրար հավասարեցվեն, և նվիրատվության չափն ու անդամավճարի չափը հավասարեցվեն, ու այս երեք աղբյուրները կիրառվեն, այսինքն` պետական, անդամավճարներ, նվիրատվություններ ֆիզիկական անձերից:

- Մեր այս շարքի հարցազրույցներից մեկը ՀԱԿ-ի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի հետ էր, և նա կուսակցությունների ֆինանսավորման այսպիսի տարբերակ առաջարկեց. տնտեսվարողները իրենց վճարելիք ավելացված արժեքի հարկի որոշակի տոկոսով գումար փոխանցեն ոչ թե պետական բյուջե, այլ մի կուսակցության, որին իրենք նախապատվություն են տալիս: Կուսակցությունների ֆինանսավորման այսպիսի մոդելին Դուք ինչպե՞ս եք վերաբերվում:

- Բացասական բավականին, որովհետև դա շահարկումների տեղիք է տալիս, ու նաև հնարավորություն է տալիս ճնշումներ գործադրելու տվյալ տնտեսվարողի վրա: Մենք գտնում ենք, որ բիզնեսը պետք է քաղաքականությունւց առանձնացված լինի, առանձնացված և՛ մարդկանցով, և՛ ռեսուրսով: Այսինքն` այս պարագայում, որպեսզի տվյալ ընկերությունը կարողանա իր նվիրատվությունը կատարել, տվյալ ընկերության սեփականատիրոջը որևիցե մեկը չի խանգարում, որ ինքը իր ունեցած մաքուր շահույթից, որը հարկվել է, տանի և նվիրաբերի տվյալ կուսակցությանը որպես ֆիզիկական անձ, որպես իրավաբանական անձ:

Մենք ցանկանում ենք որոշակիորեն սահմանափակում դնել, որը մեզ հնարավորություն կտա ասել, որ բիզնեսը քաղաքականության հետ կապ չունի մեկ, և երկրորդը՝ զերծ պահել բիզնեսին հնարավոր ճնշումներից, որովհետև ցանկացած դեպքում, երբ ինքը որոշում է, որ տվյալ կուսակցությանը պետք է այսքան գումար գնա, տրամաբանական հարց է առաջանում. վերջին 30 տարիների ընթացքում բիզնեսը ավելի շատ ո՞ր կուսակցություններին է ֆինանսավորել: Պատասխանը միանշանակ մեկն է. ֆինանսավորել է այն կուսակցությանը, որը այդ պահի դրությամբ եղել է իշխանության, կապ չունի` եղել է ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն թե ՔՊ-ն: Ցանկացած դեպքում ֆինանսավորումը գնալու է դեպի իշխանություն: Բիզնեսը պետք է լավ հարաբերություններ ունենա իշխանության հետ, ինչո՞ւ, որովհետև առաջին հերթին բիզնեսը առաջնորդվում է իր շահույթով, իր շահով, հետևաբար երբ շահույթը կախված է իշխանության հետ լավ կամ վատ հարաբերությունների մեջ լինելուց, ինքը կնախընտրի ավելի լավ հարաբերություններ ունենալ. ես որոշակիորեն շահույթից կիսվում եմ, հետևաբար լավ հարաբերություն կարող է ունենալ ինձ հետ:

Մենք ուզում ենք, որ նման մոտեցում այլևս տեղ չգտնի իրականության մեջ, մենք գտնում ենք, որ բիզնեսը ցանծկացած դեպքում պետք է լինի անկախ ու կախված չլինի նրանից, թե այս պահի դրությամբ ով է իշխանության: Բիզնեսը պետք է միշտ աշխատի իր համար, իր շահույթի համար ու մտահոգված չլինի քաղաքական փոփոխություններով, որովհետև քաղաքական փոփոխությունը առաջին հերթին պետք է լինի քաղաքական, ազդի միայն քաղաքականության ու դրա ընթացքի վրա, չազդի ընդհանուր բոլոր փոփոխությունների վրա, այսինքն՝ չլինի այնպիսի տոտալ փոփոխություն, որ հասարակությանն ամբողջովին փոխի կամ արմատապես փոփոխություններ լինեն: Քաղաքականության փոփոխությունները պետք է լինեն աստիճանաբար ու կետային, այսինքն` թիրախային փոփոխություն պետք է լինի:

- Այսինքն` մտածում եք, որ այս տարբերակում կարող են նաև կոռուպցիոն ռիսկե՞ր լինել:

- Իհարկե կարող են: Օրինակ, հարկայինի ղեկավարը, հիպոթետիկ, իր լոյալությունը ցույց տալու համար իշխանություններին, թեկուզ նաև առանց իշխանությունների իմացության, կարող է որոշակի ինքնագործունեությամբ զբաղվել ու ստիպել այս կամ այն ընկերությանը ֆինանսական միջոցներն օգտագործել, կամ ընկերությունը, մտածելով, որ կունենա որոշակի ֆինանսական արտոնություններ, հարկային արտոնություններ առաջիկայում, ինքը նախաձեռնի նման մոտեցում, ինքը փորձի ֆինանսավորել՝ հետագայում այլ ակնկալիքներ ունենալով, որովհետև իրավաբանական անձի ակնկալիքը, որը նաև առևտրային կազմակերպություն է, շահույթ հետապնդող կազմակերպություն է, շատ տրամաբանական է, որ այդ ընկերությունը ներդրում է անելու, դիտարկելու է ցանկացած նվիրատվություն ներդրում, որն իրականում հետ է գալու:

Ֆիզիկական անձի պարագայում ներդրումն այլ կերպ կարող է լինել. պարտադիր չէ այս առօրեական, այսօրվա շահույթ լինել: Զուտ նրա համար, որ ինքը համակրում է տվյալ կուսակցության գաղափարախոսությանը, ցանկանում է, որ այն ծրագրերը, որ ներկայացնում է այդ կուսակցությունը, հնարավորություն ունենան կյանքի կոչվելու, որը կազդի հետագայում իր, իր զավակների, իր հետագա սերունդների կյանքի վրա, ինքն այսօր այդ գործունեությանը մասնակցում է, որոշակի ֆինանս է ներդնում: Ներդնում է իր աշխատածը, ներդում է այն մասը, որ լարող էր ծախսել իր վրա, սակայն գտնում է, որ պետության համար այս ծրագրերն իրականացնելու համար պետք է հնարավորություն տա այս խումբ մարդկանց, այս կուսակցությանը, որ նաև հնարավորություն կտա հետագայում վերահսկելու, պահանջելու տվյալ կուսակցությունից, որ կատարի այն, ինչ խոստացել է:

- Մեր հարցազրույցներւց մեկն էլ «Լուսավոր Հայստանից» Գևորգ Գորգիսյանի հետ էր, և պարոն Գորգիսյանն ասաց, որ աշխատանքային քննարկումների ժամանակ փորձում եք հարցին մոտենալ կոնսենսուսային տարբերակով, ու ստացվում է: Հիմա էլի ստացվո՞ւմ է, թե՞ տարաձայնություննեը կան. օրինակ, «Լուսավոր Հայաստանը» ներկայացրե՞լ է այնպիսի առաջարկներ, որոնք հավանության չեն արժանացել:

- Առայժմ ներկայացված առաջարկների շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել: Աշխատանքային պրոցեսի ընթացքում լինում են, իհարկե, անհամաձայնություններ, սակայն մեր վերջնանպատակն է առաջարկել կոնսենսուսային տարբերակ, ինչը հնարավորություն կտա ասելու, որ պատասխանատվությունը հավասարաչափ կկրեն երեք քաղաքական ուժերն էլ այսօրվա «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից հետո, այսինքն` կոնսենսուսը նշանակում է առաջին հերթին պատասխանատվության կիսում նաև մյուսների հետ:

«Լուսավոր Հայաստանը» երբեք չի խուսափել պատասխանատվությունից, և մենք գտնում ենք, որ ցանկացած դեպքում հնարավորություն կա, որ մենք այսօր ազդենք հետագա գործողություների վրա, այսինքն` կուսակցությունների զարգացման, կուսակցական համակարգի կայացման վրա, և կրենք դրա համար պատասխանատվություն: Իհարկե, հեշտ կլիներ ցանկացած դեպքում ասել, որ չկա կոնսենսուսային տարբերակ, մենք որևիցե բան իշխանությունների հետ չենք քննարկում, ու խուսափել պատասխանատվությունից` ամբողջ բեռը թողնելով իշխանությունների վրա: Բայց մենք նաև այսօր հասկանում ենք, որ «Լուսավոր Հայաստանը» ստացել է քվեներ, ու այդ քվեները մեզ տալիս են պատասխանատու լինելու պահանջ, այսինքն` մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք մեր ընտրողներին նաև ապացուցել, թե ինչի համար ենք այստեղ հայտնվել, ու կարողանանք իրացնել նաև այդ մեզ տրված մանդատը:

RElection ծրագրի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր բանախոս հնարավորություն ունի հարց ուղղելու հաջորդ  բանախոսին:

Կարեն Սիմոնյանի հարցը.

«Աշխարհում այս պահի դրությամբ քննարկում է գնում, որ կուսակցություններին որևիցե ձևով այլևս պետք չեն գաղափարական ուղղվածություններ: Ադրդյո՞ք բանախոսը գտնում է, որ կուսակցություն ստեղծելու համար պետք չէ այլևս որևիցե գաղափարական հիմք, լինի դա լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, թե՞ դա պարտադիր պայման է, ու պետք է ցանկացած դեպքում կուսակցությունն ունենա գաղափարական հիմք, և արդյո՞ք կուսակցությունը պետք է ներկայացնի որոշակի խմբի շահերը, ինչպես օրինակ բանվորական կուսակցությունները՝ Անգլիայում, թե՞ պետք է ցանկանա ներառել բոլորին ու ներկայացնել բոլորի շահերը»:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է խմբագրությունը, և այն չի արտացոլում Եվրոպական միության ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տեսակետները:

x