Վերաքննիչում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երկու կողմերի բողոքների քննությունը |news.am|

news.am: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 5–ին, շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել բողոքը, ինչից հետո հնարավոր է Քոչարյանը եւս իր դիրքորոշումը հայտնի բողոքի կապակցությամբ։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ նրան վերագրվող կաշառքի դրվագում հիմնավոր կասկած առկա չէ: Բացի այդ՝ դատարանը նաեւ գտել էր, որ առկա չէ Քոչարյանի թաքնվելու վտանգ:

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ Քոչարյանի պաշտպանները, թե՛ դատախազությունը: Դատախազությունն էլ վիճարկում է Քոչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով հիմնավոր կասկածի առկայության փաստը՝ պնդելով, որ կաշառքի դրվագում առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Քոչարյանը կատարել է այդ հանցանքը։

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

 

x