Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև կայուն և զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ընդգծելով ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Իվան Դրաբեկը իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ մասերը, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր:

Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին և վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց և զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: «Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,- ասել է նախարարը:

Ավարտին կողմերը փաստել են, որ ՏԿԵ նախարարությունը և Համաշխարհային բանկն այժմ փոխկապակցված են ենթակառուցվածքների զարգացման, տեղական ու տարածքային կարողությունների հզորացման Հայաստանին ուղղված մի շարք ծրագրերով և երկուստեք հաստատել տնտեսության հավելյալ զարգացում ապահովելու նպատակով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

x