Կառուցվել է հողային պատնեշ, որ բացառվի արտադրական կեղտաջրերի հոսքն Արդենիս լճակ. պարզաբանում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել հոկտեմբերի 29-ին «Հետք» օրաթերթի «Արդենիսի լճի աղտոտումը շարունակվում է» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:

«2019թ. հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Շիրակի մարզի, Արփի համայնքի, Արդենիս բնակավայրում գործունեություն իրականացնող «Արփի Լենդ» և «Ոսկե Սեր» ՍՊԸ-ներում։

Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ երկու Ընկերությունները իրականացրել են տնտեսական գործունեություն՝ ջրառն իրականացնելով տարածաշրջանում առկա բնական ջրաղբյուրից՝ չունենալով սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվություն։

Ընկերությունները չունեն կեղտաջրեր հեռացնելու արտահոսքի թույլտվություն և Ընկերությունների կողմից օգտագործվող ջրահեռացման համակարգն ապահովված չէ ջրերի վնասակար ազդեցությունը կանխող սարքերով։

«Ոսկե Սեր» ՍՊԸ արտադրական կեղտաջրերը հոսում են Արդենիս լճակից սկսվող Ախուրյան գետի անանուն վտակ, իսկ «Արփի Լենդ» ՍՊԸ արտադրական կեղտաջրերը հոսում են բաց ցամաքուրդ՝ ֆիզիկական անձանց պատկանող վթարային անասնագոմերի տարածք, որտեղ Ընկերությունը, մինչև ջրանթափանց երկու սեպտիկ հորերով կոյուղագծի շինարարական աշխատանքների ավարտը կառուցել է հողային պատնեշ, որպեսզի բացառվի արտադրական կեղտաջրերի հոսքն Արդենիս լճակ:

Ընկերությունների տնօրեն հանդիսացող Սամվել Ղարիբյանի նկատմամբ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել ընդհանուր՝ 283.710 ՀՀ դրամի չափով ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հատուցման գումար, ինչպես նաև տրվել են վերոհիշյալ խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն հանձնարարականները սահմանված ժամկետում կատարելու մասին»,- ասված է պարզաբանման մեջ։

x