Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել է Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքի բնակիչների հետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել է Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքի բնակիչների հետ, որոնք դժգոհ են հարևանությամբ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման հեռանկարից: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ինչպես նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ:

2019թ. մարտ ամսին Երևանի քաղաքապետարանը Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեների համար տրամադրել է նախագծման թույտվություն, որի հիման վրա մշակվել է նախագիծ: Կառույցը գնահատվել է բարձր ռիսկայնության օբյեկտ, հետևաբար սահմանված կարգով այն ենթարկվել է նաև պետական համալիր փորձաքննության: Մինչ այդ կառուցապատողն այս տարվա հոկտեմբերին ստացել է միայն հիմքերի կառուցման շինթույլտվություն: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ ապրող բնակիչները նշում են, որ նախագիծը մի շարք խախտումներ ունի՝ կառուցապատման խտության և հարևան շենքի լուսավորության տեսանկյունից։ Նախագիծը ինսոլացիոն՝ արևահարման ռեժիմի հաշվարկման է ենթարկվել կառուցապատողի հարևանությամբ՝ Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքում ապրող բնակիչների կողմից: Երկու հաշվարկների արդյունքները տարբերվում են իրարից:

Լսելով բնակիչների ու կառուցապատող ընկերության ներկայացուցիչների դիտարկումները՝ Արթուր Մեսչյանն առաջարկեց պատվիրել անկախ փորձաքննություն և իրականացնել նոր ինսոլացիոն ռեժիմի հաշվարկ:

«Եթե անկախ մասնագետի կողմից արված ինսոլացիոն հաշվարկով պարզվի, որ իսկապես կա խնդիր, ապա մի քանի հարկ կառուցապատողը պետք է զիջի, և մենք հարկայնությունը կիջեցնենք՝ պահպանելով ճարտարապետական տեսքը: Եթե ինսոլացիոն հաշվարկը և այդ տարածքի ծրագրային շարունակությունը, որը նախատեսված է ողջ թաղամասի զարգացման համար, ինձ համոզի, որ մենք խնդիր չունենք, ես այս նախագծին ընթացք եմ տալու: Բոլորս պետք է խաղանք այնպիսի խաղի կանոններով, որ բոլորը շահեն»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

Երևանի գլխավոր ճարտարապետը կառուցապատողին ներկայացրեց երկու հստակ պահանջ. նախ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ շուրջ 3000 քմ տարածքի վրա ձևավորվող հանգստի գոտին պարտադիր պետք է հասանելի լինի նաև Ֆուչիկի 1/3 շենքում ապրող բնակիչներին, և երկրորդ՝ կառուցապատողը պարտավորվեց նորակառույց համալիրի տարածքում ստեղծել նաև մանկապարտեզ, ինչը ոչ միայն հարմար կլինի շենքի բնակիչների համար, այլև իր հերթին կթեթևացնի Երևանի մանկապարտեզներում առկա հերթերի խնդիրը:

x