Տրդատ Սարգսյանի հետ իմ գործնական աշխատանքի հարաբերությունները խոչընդոտ չեն. Վայոց ձորի նորանշանակ մարզպետ |shantnews.am|

shantnews.am: «Շուտով կներկայացնեմ դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իմ արտոնագիրը կասեցվի»,- հոկտեմբերի 31-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզի խնդիրներին ծանոթ է և որ առաջիկայում հանդիպում կունենա նաև նախկին մարզպետի հետ՝ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք իր նախկին գործունեությունը չի կաշկանդի մարզպետի աշխատանքում, Արարատ Գրիգորյանը պատասխանեց, որ նախկին մարզպետի հետ միայն գործնական հարաբերություններ է ունեցել և դրանք որևէ կերպ չեն խոչընդոտի նոր աշխատանքին:

«Սարգսյանի հետ իմ ունեցած գործնական աշխատանքի հարաբերությունները խոչընդոտ չեն, եթե մտածենք` կարող է խոչընդոտ լինել, նշանակում է` մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան, բացի փաստաբանական գործունեությունից, որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել»,- ասաց մարզպետը:

Լրագրողները նորոնշանակ մարզպետից նաև հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարցին, ինչին ի պատասխան մարզպետը` նշեց.

«Բարեկամական հարաբերություններ այդ մարզում շատ քիչ ունեմ, բայց եթե կլինեն արժանի մարդիկ, անկախ` ով կլինի, օրենսդրության սահմաններում, եթե իրավական առումով խոչընդոտ չի լինի, կարող են իրենց գործունեությունն իրականացնել ցանկացած ոլորտում»:

x