Պետությունը կքննարկի միջազգային դոնորի կողմից Արտաշատի մարզադաշտում խոշոր ներդրում կատարելու հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արտաշատի համայնքապետի հետ կքննարկի մարզադաշտում միջազգային դոնորի կողմից ներդրումային ծրագիր կատարելու հնարավորությունը: Դոնորները ցանկանում են Հայաստանում որևէ մարզադաշտ հարմարեցնել թեթև ատլետիկային, վազքուղիներ կառուցել:

Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան թեթև ատլետիկայի մարզադաշտ չկա, նշեց, որ բոլոր մարզադաշտերում գրեթե բոլոր վերանորոգումներն իրականացվում են` հարմարեցվելով միայն ֆուտբոլին: Եղիազարյանը նշեց, որ կապի մեջ է Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ և տեղյակ է, որ կա ներդրումային ծրագիր` ավելի քան 1մլն դոլարի, որ միջազգային դոնորները պատրաստ են ներդրում անել մարզադաշտում վազքուղիները կառուցելու համար:

Նախարարը արձագանքեց` ատլետիկայի ուղղությամբ ներկայում աշխատանք տարվում է: «Նոյեմբերի 2-ին ես լինելու եմ Արտաշատում, որպեսզի տեղի մարզադաշտն ուսումնասիրվի, և համայնքապետի հետ բանակցություն տանենք, որ այդ մարզադաշտը տրամադրվի ծրագիրն իրականացնելու համար»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ ինքը ևս սերտ կապի մեջ է Էմմիյանի հետ և վերջերս, երբ հանդիպել են Փարիզում, այդ հարցը ևս քննարկել են: Նախարարը նշեց` համայնքապետի հետ զրույցից հետո կհասկանան, թե արդյոք հնարավոր է Արտաշատի մարզադաշտը տրամադրել` այդ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար:

x