Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում «կան հումանիտար միջոցների հեռանկարներ». Լավրով |news.am|

news.am: Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով ձեւավորվել են «մի ամբողջ շարք հումանիտար միջոցների հեռանկարներ»։ Այս մասին հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այն ժամանակ քննարկվում էին այդ թվում եւ պատանդ վերցված անձանց փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման եւ լրագրողների փոխայցելությունների միջոցները, որպեսզի փոքր-ինչ լիցքաթավի իրադրությունը եւ վստահության մթնոլորտ ստեղծվի,- ասել է նա։- Լրագրողների գծով, որքան գիտեմ..., ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսությունն ընթանում է, հույս կա»։

«Իրավիճակը պատանդ պահվող անձանց հետ կապված պակաս լավատեսական է, բայց մենք, այնուամենայնիվ, ելնում ենք այն բանից, որ պետք է առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ավելացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ելույթները նոյեմբերին նախատեսված ԵԱՀԿ խորհրդի շրջանակում՝ կարեւոր է օգտագործել այն բանի համար, որպեսզի «ձեւավորվի ավելի դրական մթնոլորտ» տարածաշրջանում հակամարտության իրավիճակում։ «Հենց դրա՝ դիրքորոշումները մոտեցնելու եւ փոխզիջման դուրս գալու համար են հարկավոր համանախագահների շարունակվող ջանքերը»,- ամփոփել է Լավրովը։

x