Դավիթ Սանասարյանից գումարի շորթման հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարկման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում): Այս մասին հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ նյութը:

Դրա հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին»,- ասաց Խաչատրյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Նախաքննության կատարման համար քրեական գործը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին: Հարուցված քրեական գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին»,- նշեց Խաչատրյանը:

Իր որդուն վրաերթի ենթարկելու վերաբերյալ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով Ճանապարհային ոստիկանությունում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2019թ. սեպտեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում Դավիթ Սանասարյանը իր կողմից վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որը ստացել է վնասվածքներ և նույն օրը բուժօգնության դիմել «Արմենիա» Բ/Կ, իսկ հաջորդ օրը՝ «Սբ. Աստվածամայր: ԲԿ: Ա.Ղ.-ին պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ստացել է միջին ծանրության վնաս:

x