Թուրքական զինուժը գնդակոծել է Սիրիայի գյուղերից մեկը. զոհ և վիրավորներ կան |factor.am|

factor.am: Թուրք զինվորականները ականանետերից կրակ են արձակել Սիրիայի հարավ-արևելյան Ռաս էլ-Այնի սահմանամերձ Թել Վարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ekhbariya հեռուստաալիքը:

Միջադեպի հետևանքով մեկ կին է զոհվել, ևս 4 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Մինչ այդ էլ սիրիական լրատվամիջոցները հաղորդել էին Թել Վարդում թուրք զինվորականների և նրանց աջակցող սիրիական ընդդիմության զինված կազմավորումների ու սիրիական բանակի միջև բախումների մասին: Նշվում էր, որ գյուղի ուղղությամբ մի քանի հրետանային հարված է հասցվել:

Սիրիական ՍԱՆԱ-ն էլ հաղորդել է Հասակե քաղաքի Աս-Սալհիա թաղամասում ահաբեկչության մասին, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ականապատ մոտոցիկլետ է պայթել: Վիրավորներին հոստիպալացրել են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողություն սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով:

Հոկտեմբերի 13-ին հաղորդվեց, որ Դամասկոսը համաձայնության է եկել քրդերի հետ և զորքեր է ուղարկել երկրի հյուսիս՝ թուրքական բանակին դիմակայելու համար: Մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակն առանց մարտի քրդական շրջաններում մի քանի բնակավայրեր գրավեց, իսկ հոկտեմբերի 17-ին հասավ Թուրքիայի հետ սահման: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ հուշագիր ընդունեցին Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կարգավորման շուրջ համատեղ գործողությունների մասին: Քրդական կազմավորումներին 150 ժամ էր տրվել՝ թուրքական սահմանից այն կողմ 30 կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ ազատելու համար, ինչին հետո ՌԴ-ի և Թուրքիայի զինվորականները պետք է համատեղ պարեկություն սկսեն:

x