Կոնդի բնակիչները կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ցույց են արել․ նրանց կառավարություն են հրավիրել եկող չորեքշաբթի |news.am|

news.am: Կոնդի և Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր՝ հոկտոմբերի 31-ին, բողոքի ակցիա են արել կառավարական ամառանոցների դիմաց։

Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

«Վերջին 20 տարին մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ այս հարցերը լուծում ստանան։ Ընդ որում, հին Երևանից միակ պատառիկը մնացել է Կոնդը։ Մենք հավատում և վստահում ենք, բայց վստահությունը մեր մեջ մարում է», ասել է Կոնդի բնակիչներից մեկը։ Նրանք պատմել են, որ ամիսներ առաջ հանդիպել են Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, հետո գնացել կառավարություն, վարչապետի կարգադրութամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունեցել է 1 նիստ, 3 ամիս է անցել, բայց այդ խմբից նորություն դեռ չկա։ Բնակիչը պնդում է, որ իր բնակարանը թերի են չափագրել, իրական փաստացի տարածքը 180 քառակուսի մետր հողամասն է, սակայն 105 քառակուսին է որպես սեփականություն նշված, 75 քառ․ մետրը վկայականի մեջ շտրիխներով է նշված։

Բնակիչները խոստացել են ամեն հինգշաբթի գալ կառավարական ամառանոցների մոտ։ Նրանք ակնկալում էին հանդիպել վարչապետի հետ, սակայն վարչապետն այդ պահին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում մասնակցում էր ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակի համերգին:

Ըստ ցուցարարների՝ թերի չափագրումների հետեւանքով Կոնդի բնակիչներից «խլել են» 7000 քառակուսի մետր․ «Թող գան, նորմալ չափագրեն, մեր հարցերը լուծեն, մենք մեր ունեցվածքը ոչ ոքի չենք զիջելու», ասել են նրանք։

Բնակիչների հետ հանդիպման է եկել վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Նրա հետ բողոքավորները պայմանավորվել են՝ հաջորդ չորեքշաբթի այցելել կառավարություն՝ լսումների։ Բնակիչները զգուշացրել են, որ եթե չորեքշբաթի խնդիրը չլուծվի, հինգշաբթի կրկին կառավարական ամառանոցների դիմաց են հավաքվելու։

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր։ Բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

Եկմալյան փողոցի 3 տանսյալ նախկին բնակիչներ էլ արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում:

x