Մնացականյան․ Հայաստանը շարունակելու է առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կիգալի պաշտոնական այցի շրջանակում այսօր Ռուանդայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները շեշտել են այդ հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:

Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել և բարձր է գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները, Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

x