Ստոլտենբերգի խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի |azatutyun.am|

azatutyun.am:  Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, Սիրիայում ձեռնարկված գործողությունների պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Այս մասին դաշինքի ղեկավարն ասել է գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն անդամ պետությունների հեռացման մեխանիզմ չունի. - «Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք մասնակիցների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Հյուսիսատլանտյան դաշինքն այն հարթակն է, որտեղ անդամ պետությունները կարող են մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կազմակերպել», - նշել է Ստոլտենբերգը:

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժը և Ազատ սիրիական բանակը Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։

Երեկ ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Թուրք և ռուս զինվորականների խմբերի առաջին հանդիպումը կայացել է նոյեմբերի մեկին Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:

x