Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը կլուծարվի. նախարար |news.am|

news.am:   Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կլուծարվի։ Այս մասին «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 4-ին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա ավելացրեց, որ ինստիտուտի աշխատանքները կփոխարինվեն 48 տարածքային գրասենյակներով, եւ բացի այդ, կներդրվի միասնական պատուհանի համակարգ, ինչը թույլ կտա քաղաքացիներին համակողմանի տեղեկություն ստանալ իրենց իրավունքների մասին սոցիալական ապահովության ոլորտում։


«Հույս ունենք, որ կհաջողվի սերտ համագործակցություն հաստատել գիտական հանրույթի հետ՝ որակյալ կադրերի ներգրավման եւ որակյալ համակարգ ստեղծելու համար։ Կառավարությունը կարեւոր է համարում բարեփոխումների մշակման գործառույթները իրավասու մարմիններին եւ խմբերին պատվիրակելը»,- նշել է նախարարը։

Զարուհի Բաթոյանը նաեւ հույս է հայտնել, որ փոփոխությունները, որոնք նախաձեռնում է նախարարությունը սոցիալական ոլորտում, եւ որոնք կհանդիպեն որոշակի խմբերի դիմադրությանը, անհրաժեշտ աջակցության կարիք կունենան, այդ թվում գիտական միջավայրում։

Բաթոյանն ընդգծել է քաղաքացիների ներգրավման կարեւորությունը գնահատականներ տալու գործին, ինչպես նաեւ կարիքների գնահատման չափորոշիչների փոփոխությանը, որպեսզի մարդու համար պետության սոցիալական պաշտպանությունը դառնա կարեւոր օղակ նրան դժվար վիճակից դուրս բերելու համար, եւ խուսափվի այն գործելակերպից, երբ մարդուն կախված վիճակում էին թողնում աջակցությունից։

«Այդպիսի համակարգը անցյալում ներդրվել է եւ պայմանավորված է եղել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու կախյալ վիճակը դառնում է կառավարման քաղաքական ռեսուրս»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ պետության ռեսուրսները անսահմանափակ չեն, բայց դրանք բավական են, որպեսզի մարդն ապահովվի նվազագույն պայմաններով եւ դուրս գա բարդ վիճակից։

Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանում նոյեմբերի 4-5-ին տեղի է ունենում «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսը։ 

x