ԵՄ-ն կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ 2020 թվականին կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացնելով, որ դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հաջորդ տարի ընդգրկելու են հանրապետության հյուսիսային 3 մարզերը՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։ «Ընդհանուր առմամբ, տարածքային զարգացմանն ուղղված մեր ծրագրերը շատ են։ Աջակցելու ենք տարածքային զարգացման տեմպերը խթանելուն, տրամադրելու ենք աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին, բիզնես համայնքին և հասարակական կազմակերպությունների զարգացմանը։ Հաջորդ տարի մենք Հայաստանի կառավարության հետ կորոշենք աջակցվող ծրագրերի կոնկրետ ուղղությունները»,- նշեց Անդրեա Վիկտորինը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից անցյալում ներկայացրած «փող՝ գաղափարի դիմաց» կարգախոսին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ համամիտ է իր գործընկերոջ հետ, միայն թե գաղափարները պետք է իրականացվեն։ «Գաղափարները լավ են, համաձայն եմ նախորդ դեսպանի հետ, բայց դրանք պետք է վերածվեն ծրագրերի, որպեսզի իրականանալի դառնան»,-նշեց ԵՄ դեսպանը։


Խոսելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին աջակցելու մասին՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը։ «Թե՛ կառավարության, թե՛ ԱԺ -ի հետ քննարկումներում ես տեսնում եմ ուժեղ կամք փոխելու այս երկիրը։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ՀՀ կառավարությանը այս ուղղությամբ կլինի դա տնտեսական զարգացումը, բնապահպանությունը, էներգետիկ արդյունավետությունը, թե կրթությունը։ Այս ամենն առաջնահերթություն է և մենք աջակցում ենք ոչ միայն գաղափարներին, այլ օգնում ենք դրանք իրականացնել՝ ապահովվել լիարժեք ֆինանսավորում։ Եվ այդ առումով մենք խթանում ենք համագործակցությունը Եվրոպական Միության և կառավարության միջև և դրա առանցքում տեսնում ենք համագործակցություն ՀԿ-ների և մասնավոր հատվածի միջև »,-նշեց ԵՄ դեսպանը։

x