Մինչև 2020 թվականի վերջ ամբողջությամբ կավարտվեն Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները |lragir.am|

lragir.am:   Մինչև 2020 թվականի վերջ ամբողջությամբ կավարտվեն Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Միջկառավարական 16-րդ նիստի ժամանակ արդեն իսկ սրա մասով կար համապատասխան որոշում, որ իրանական կողմը պարտավորություն է վերցրել իր վրա մինչև 2020 թվականի ավարտն ամբողջությամբ ավարտել երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները: Ենթակայանը ներառյալ է, և ես վստահ եմ, որ մենք հաստատ էլեկտրագծեր ունենալու ենք, բայց բնականաբար մեր խնդիրը նաև ենթակայան ունենալն է: Մենք մշտապես կապի մեջ ենք Իրանի էներգետիկայի նախարարի հետ, հետևում ենք աշխատանքների ընթացքին, առաջացած պրոբլեմների մասին մշտապես տեղեկացնում ենք իրանական կողմին: Իսկ իրանական կողմն էլ խոստացել է կատարող ընկերությանը մշտապես պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն»,- ասաց նախարարը:

Պապիկյանն ասաց, որ ցանկանում է տեղեկացնել՝ սրան զուգահեռ մեկ այլ մեգանախագիծ է իրականացվում՝ Վրաստան-Հայաստան գծի կառուցումնը:

«Մենք վերջնական որոշում ենք ընդունել այդ աշխատանքներն անպայման կատարել: Եվ քանի 2020 թվականին ավարտում ենք երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը Իրանի հետ, մեզ համար շատ կարևոր է Դդմաշենի ենթակայանը: Եվ հիմա երեք առանձին լոտով մրցույթ է հայտարարվելու, այդ երեք առանձին լոտերը մեզ համար կապահովեն ավելի էժան ենթակայան, մյուս կողմից շատ ավելի արագ կկատարվեն աշխատանքները: Մենք կունենանք նաև Հայաստան-Վրաստան գիծը, ինչպես նաև Այրումի փոխակերպիչ կայանը: Սա հիրավի մեգածրագիր է: Եվ այս մեգածրագրի իրականացման մեկնարկը տրված է»,- ասաց նախարարը:

x