Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել երեք նոր օրենսգրքերի մշակման գործընթացը |armenpress.am|

armenpress.am:    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայաստանին՝ այդ թվում Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար և ներկայացրել Կառավարության բարեփոխումների խիտ օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին:


Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարությանը վերապահված է մեծ առաքելություն՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Այդ համատեքստում Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացներով:

Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, ներկայում երեք նոր օրենսգրքերի նախագծերի վերանայման վերջնական աշխատանքներն են իրականացվում և նախատեսվում է՝ մինչև տարեվերջ դրանք ուղարկել Ազգային ժողով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նշված փաստաթղթերը մարդակենտրոն են և հիմքում մարդու իրավունքներն ու միջազգային կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող առաջարկություններն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների թեկնածուների պատրաստման, գործող դատավորների վերապատրաստման հարցերին, ինչպես նաև ընդգծվել է, որ բարեվարքության գնահատման չափանիշները կիրառվելու են ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։

x