Թուրքիային մատակարարվելիք S-400-ների երկրորդ խմբաքանակի ժամկետները կարող են փոփոխվել |factor.am|

factor.am: Ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը կարող է տեղի ունենալ միայն 2020թ-վերջում. գրում է ermenihaber-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը՝ հավելելով, որ երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ մեկտեղ, ըստ ռուս-թուրքական պայմանագրի, նախատեսվում է նաև S-400-ների համատեղ արտադրություն։ Թուրք պաշտոնյայի խոսքերով, Թուրքիան ցանկանում է, որ ռուսական կողմը կիսվի S-400-ների տեխնոլոգիաներով թուրքական կողմի հետ։

Ըստ Դեմիրի՝ դրա վերաբերյալ համապատասխան պահանջ է ներկայացվել ռուսական կողմին։ Դեմիրը նշել է, որ պայմանագրում առկա համատեղ արտադրության վերաբերյալ կետի պատճառով երկրորդ խմբաքանակի մատակարարման գործընթացը կարող է ավելի ուշ տեղի ունենալ։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում S-400-ների որոշ պահեստամասերի արտադրելու նպատակով ռուսական կողմի հետ շարունակվում են բանակցությունները։

Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 12-ից մինչև օգոստոսի 27-ը ընկած ժամանակահատվածում ռուսները ավարտեցին ռուսական ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը մատակարումը Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքը մեծ լարվածություն էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

 

x