«Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները». Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post |tert.am|

tert.am: Ցավոք, Իսրայելը ժամանակին չի վարվել այնպես, ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վարվեց օրերս, և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ գլխավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: Այս մասին իր խմբագրականում գրում է The Jerusalem Post պարբերականը:

«Դա շատ անողջունելի իրավիճակի հանգեցրեց, երբ մի պետություն, որը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց կողմից, չմտավ մեկ այլ փոքրամասնության դրության մեջ, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում»,- գրում է պարբերականը:

Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի ուղղելու իր սխալները: Իսրայելա-թուրքական հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հակասեմական հայտարարություններ է անում և մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ջարդերի համար, մինչդեռ Սիրիայի հյուսիսում նրա իրականացրած մեկամսյա ռազմական գործողության ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչ է տուժել և տեղահանվել, քան Գազայում վերջին երկու տարիներին:

Դրամատուրգ, լրագրող և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդն իր թվիթերյան էջում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ձայն էր հանուն պատմական ճշմարտության և արդարության: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիան վախեցնի աշխարհին, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի: Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Իր թվիթերյան էջում նմանատիպ գրառում է կատարել նաև Իսրայելի կրթության և ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը. «Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային քայլը՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Իսրայելը նույնպես պետք է հստակ հայտարարի այդ վայրագության ճանաչման մասին»:

x