Դասադուլի մասնակիցները ռեկտորի ժ/պ-ի հետ պայմանավորվել են ակցիան իրականացնել ԵՊՀ մասնաշենքից դուրս |armenpress.am|

armenpress.am: Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք դասադուլ են իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ պայմանավորվել են, որ դասադուլի հետագա ակցիաներն իրականացնելու են ուսումնական մասնաշենքից դուրս:

«Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, և փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ ճանապարհ է` բռնանալ որևէ մեկի կարծիքին կամ դիրքորոշումներին: Մենք պայմանավորվեցինք, որ իրենք դասադուլն իրականացնեն համալսարանի մասնաշենքից դուրս, որպեսզի չխոչընդոտեն դասերին հաճախել ցանկացող ուսանողների դասապրոցեսին: Բոլորը չէ, որ միացել են դասադուլին կամ գործադուլին, որը դեռ չկա, բայց, եթե լինի էլ, ես նորմալ կհամարեմ»,-  ասաց Գևորգյանը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնած դասադուլին միացել են նաև Պատմության ֆակուլտետի որոշ ուսանողներ: Ուսանողների մեկ խումբ էլ ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով դիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

x