Հայաստանի կողմից Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան, և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը և ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն:

ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են՝ սկսած պաշտպանության ոլորտից վերջացրած սոցիալական զանազան ծրագրերով, և այս ջանքերը պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն:

Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամանակն է՝ տարբերակելու զանազան ինֆորմացիոն մանիպուլյացիաներն իրական գործընթացներից: Նա խոսել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից դիտորդական առաքելություն իրականացվեց և որոնք, չնայած որոշ ապոկալիպտիկ կանխատեսումների, ճիշտ հակառակը ցույց տվեցին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախում ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում:

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է, որ Արցախում եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները ևս պետք է լինեն չափազանց թափանցիկ, ազատ, արդար, մրցակցային, ոչինչ չպետք է ստվերի այս ընտրությունների ժողովրդական բնույթը:

«Եվ, ինչպես ասում են, թող հաղթի նա, ով կհավաքի Արցախի ընտրողների առավելագույն ձայները, ու մենք այս հարցում միանշանակ աջակցելու ենք Արցախին և կանգնած ենք արցախցիների կողքին»,- շեշտել է Արարատ Միրզոյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ սա խմբակցության ձեւաչափով առաջին հանդիպումն է, և Արցախում սպասվող համապետական ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական ուժերի հետ շփումը կարևոր ու անհրաժեշտ է:

Նա համաձայնել է, որ Արցախում եկող տարի սպասվող համապետական ընտրության արդյունքների վերաբերյալ ոչ մի կասկած չպետք է լինի: Նա ողջունել է ՀՀ-ի դիտորդական մասնակցությունը՝ շեշտելով, որ դա առաջին հերթին կարևոր է Արցախի ժողովրդի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցեր:

x