Լիսկան է բեմադրել իր դեմ մահափորձը և ասել, որ տան Բուդաղյանների անունը. ամբաստանյալը սենսացիոն հայտարարություն է արել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանն այսօր առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն: Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը:

Այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաեւ Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն:

Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Գործը 2016 թվականից գտնվում է դատարանում եւ այժմ դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը:

Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Հովհաննիսյան, այժմ դատաքննությունը ի՞նչ փուլում է:

-Հիմա արդեն հասել ենք ամբաստանյալների հարցաքննությանը, մեկ ամբաստանյալը նախորդ դատական նիստին ցուցմունք տվեց, այսօր ցուցմունք է տվել իմ պաշտպանյալ Գարեն Աթաջանյանը:

- Իսկ կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ցուցմունք է ձեր պաշտպանյալը տվել:

- Նա ցուցմունք տվեց հետեւյալի մասին, որ 2015 թվականին մյուս ամբաստանյալը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Դրա նպատակը եղել է այն, որ ըստ իմ պաշտպանյալի՝ դրա դիմաց մարզպետը պետք է լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում առկա խնդիրները, դիմում գրել տար գյուղապետին, գյուղապետի փոխարեն նստեր Հենրիկ Ավագյանը, իսկ մարզպետի շահագրգռվածությունը այն է եղել, որ գործի մեջ ներգրավվեն Բուդաղյանները եւ եւս մեկ անձ, որի մասին այսօր միայն իմ պաշտպանյալը ցուցմունք տվեց:

Կարդալ ավելին

x