Գործադիրը հավանություն տվեց սեռական շահագործումից եւ բռնությունից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Որոշվեց, որ կառավարությունը կդիմի ՍԴ-ին միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ որոշումը լինի դրական, նախագիծը կներկայացվի ԱԺ:

«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։

Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։

Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:

Սույն Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում։

Բացի այդ, Կոնվենցիան վավերացնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնելու նպաստել մասնավոր հատվածի, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությանը երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության դեմ պայքարին՝ խրախուսելով պետական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության եւ ճանապարհորդության, արդյունաբերության եւ բանկային ու ֆինանսական հատվածների մասնակցությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը՝ անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով։

Սույն Կոնվենցիայի կարեւորություն այն է, որ այն թույլ է տալիս միջազգային համագործակցության շրջանակներում ձեւավորել երեխաների իրավունքների պաշտպանության համալիր համակարգ, որի անհրաժեշտությունն առկա է՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը հասնում են անհանգստացնող չափերի ազգային եւ միջազգային մակարդակով:

Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝

• երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով,

• տուժողներին պաշտպանելու եւ աջակցություն տրամադրելու նպատակով,

• Կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով։

Այսպիսով, Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման եւ նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն եւ սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն:

Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն եւ կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը:

x