Ավտոդիլերիներին սահմանին ԱԱՀ-ից ազատող օրինագիծն արժանացավ բացասական եզրակացության |news.am|

news.am։ Անցումային շրջանում, երբ Հայաստանում եկող տարվանից առանց վերապահումների կսկսի գործել ԵՏՄ մաքսային օրենսդրությունը, անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ավտոմեքենա ներկրողները չտուժեն։

 Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 7-ին ասաց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ այս օրինագծի ընդունումը պետք է մեղմի հետեւանքները ավտոդիլերների համար, քանի որ արտոնյալ շրջանի ավարտի հետ կապված, որը սահմանվել էր Հայաստանի համար ԵՏՄ-ի կողմից, միասնական մաքսատուրքերի ազդեցությունը կարող է էական վնաս հասցնել այդ բիզնեսին, քանի որ ներկրվող ավտոմեքենաների գները երկրում կարող են զգալիորեն բարձրանալ։

Այդպիսով, նա առաջարկում է սահմանին 3-7 տարվա արտադրության մեքենաներ ներմուծելիս ազատել ավտոներկրողներին ԱԱՀ-ից մեկ տարի ժամկետով, որպեսզի հնարավորություն լինի գնահատել իրավիճակը շուկայում, լուրջ տատանումներ չառաջացնել, որոնք կարող էին վնաս հասցնել այդ բիզնեսին, եւ թույլ չտալ գների հետագա աճ։

Ընդ որում՝ պատգամավորը նշեց, որ շուկայում արդեն ավտոմեքենաների գների լուրջ աճ է գրանցվել, եւ սա, նրա կարծիքով, կապված է ԵՏՄ նոր միասնական մաքսային տոկոսադրույքների ներդրման ժամկետի մոտենալու հետ: «Դրանից բացի, Հայաստանը 2020 թվականին անցնելու է բնապահպանական խիստ վարչարարության համակարգի, որը կարգավորվելու է ԵՏՄ օրենսդրության շրջանակում:

Այս օրինագծի ընդունումը կնպաստի արտանետումների ավելի ցածր մակարդակով տրանսպորտային միջոցների ներդրմանը, կազմակերպությունների շրջանառու կապիտալի մեծացմանը, որոնք գործունեության այս ոլորտում ներգրավված հարկատուներ են, ինչպես նաեւ ավտոդիլերների ոլորտում քաղաքակիրթ եւ ավելի պաշտպանված իրավական հարաբերությունների ձեւավորմանը»,- պարզաբանեց Մելքումյանը:

Կառավարությունն, այդուհանդերձ, այս օրինագծին դեմ հանդես եկավ՝ համարելով, որ ԱԱՀ-ի չեղարկման ոչ մի լուրջ անհրաժեշտություն չկա:

Օրինագիծը վերջնարդյունքում ստացավ խորհրդարանական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

x