Մենք քննարկելու բան չունենք, քանի դեռ իշխանությունը չի ներկայացրել որևէ տարբերակ. Վազգեն Մանուկյանը՝ Արցախի խնդրի մասին |news.am|

news.am: Ես քիչ բան եմ տեսնում Հանրային խորհրդում Արցախի հարցը քննարկելու առումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հանրային խորհրդի նիստըի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Մենք քննարկելու բան չունենք, քանի դեռ իշխանությունները չեն ներկայացրել որեւէ տարբերակ: Անշնորհակալ գործ է եւ վնասակար երկրի համար, եթե մենք հիմա սկսենք քննարկել, թե ինչ տարբերակ պետք է առաջարկել:

Բանակցությունները գնացել են բավականին ճկուն: Այդ ընթացքում Հայաստանը վաստակել է կառուցողական կողմի իմիջ, իսկ Ադրբեջանը ձախողող: Իհարկե, այդ ընթացքում մենք տարբեր խորամանկություններ են արել, երբեմն համաձայնել են մի բանի, որը մեզ ձեռնտու չէր, բայց իրենք գիտեին, որ դիմացինը հրաժարվելու է»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի ներկայացմամբ, Ադրբեջանը տեսնելով որ ոչինչ չի կարողանում անել, իսկ հարցը հնանում է, 2016-ին սկսեցին քառօրյա պատերազմ. «Դա մեծածավալ պատերազմ էր, երբ փորձեցին տեսնել, թե կարո՞ղ են պատերազմով հարցը լուծել, թե ոչ: Եթե իրենք կարողանային իրենց առաջին նպատակներին հասնել, ամբողջ ճակատով սկսվելու էր պատերազմ: Ադրբեջանը տեսավ, որ պատերազմով չի կարող հաղթել եւ դա Հայաստանի եւ Արցախի հաղթանակն էր:

Դրանից հետո բանակցությունները մտան մեզ համար ավելի բարենպաստ փուլ, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք մեզ ավելի շահեկան էին: Դրանից հետո անորոշություն է: Իհարկե, այստեղ քննարկելու բան կա, բայց դա պետք է լինի փակ նիստով՝ վարչապետի մոտ»:

Անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին, Վազգեն Մանուկյանը նշեց, որ կա երեք մոտեցում՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական պայմանագիր կնքել, ճանաչել Արցախի անկախությունը, եւ երրորդ՝ Արցախը ճանաչել Հայաստանի մաս: Առաջին երկւսը ունեն իրենք կողմ եւ դեմ կողմերը, իսկ երրորդը պետք է գա առաջին հերթին Արցախի կողմից, նոր դառնա քննարկման առարկա:

Վազգեն Մանուկյանն առաջարկեց Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում քննարկել այդ հարցը, եւ արդեն հետո առաջարկներով հանդես գալ:

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ ՀՀ վարչապետը նախկինում ՀԽ-ի հետ կայացած հանդիպման ժամանակ ցանկացել էր իմանալ, թե որն է հասարակության ներսում ստատուս քվոն արցախյան խնդրի ամբողջ տարրերի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ նախկինում ՀՀ իշխանությունները մտածելով, որ որոշ առաջարկներ Ադրբեջանը կմերժի, խորամանկություն բանեցնելով, ընդունել են պարտավորություն Հայաստանի կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, եւ դա էլ հենց անորոշություն է ստեղծել բանակցություններում. «Մինսկի խմբի հմանախագահող երկրների դեսպաններից մեկն ասաց՝ ասել եք, որ տալու եք, հիմա տալո՞ւ եք, թե ոչ»,-ասաց նա:

Ի վերջո, քվեարկությամբ որոշվեց ընդունել Վազգեն Մանուկյանի առաջարկը:

x