Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ. Վանեցյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնում: ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ՀՀՖ գործկոմի անդամների այն հայտարարությանը, որ Ֆեդերացիայի նախագահն առանց գործկոմի հաստատման չի կարող հավաքականի մարզիչ նշանակել, Վանեցյանն ասաց. «Տեղի է ունեցել իրավական կազուս: 2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի, այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում: Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»:

ՀՖՖ նախագահի խոսքով` բարձրացված աղմուկը ի սկզբանե եղել է տեխնիկական սխալի պատճառով: «Հաջողություններ եմ մաղթում Աբրահամ Խաշմանյանին և հույս ունեմ, որ նա իր ծանր աշխատանքով հաղթանակներ կբերի ընտրանուն։ Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ»,-ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ էին որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:

Ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ կանոնադրության համաձայն՝ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ:

x