Չեղարկվել են Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները

Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը։ Տնօրենի ընտրությունը դիտարկել է նաև Infocom-ը։ Ստորև ներկայացնում ենք մրցույթին առնչվող մանրամասները։

Նախ նշենք, որ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեզ տրամադրած տեղեկատվության՝  Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 180 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Լևոն Նիկոլայի Սարգսյանը  պաշտոնավարել է 1990-2019 թվականներին՝ շուրջ 29 տարի։ Վերջինս ժամկետից շուտ է հրաժարվել իր պաշտոնից, որի արդյունքում տնօրենի մրցույթը հայտարարվել է ավելի շուտ՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ին։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական գծով փոխտնօրեն Ամալյա Մաթոսյանը։ 

Լևոն Սարգսյանը, փաստորեն, ղեկավարել  է նաև 2010 թվականից հետո՝ ևս 9 տարի, այն դեպքում, երբ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին»  որոշումը (N 319-Ն) ընդունվել է դեռևս 2010 թվականի մարտի 4-ին։ Ըստ այս որոշման հավելվածի 34-րդ կետի՝   ընտրված տնօրենի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ  կնքվում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Այսինքն, կառավարության որոշման ընդունումից հետո Լևոն Սարգսյանը վերընտրվել է շուրջ 2 անգամ, իսկ  2-րդ շրջանում, ինչպես արդեն նշել էինք, հրաժարական է ներկայացրել՝ ժամկետից շուտ։

Անդրադառնանք նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մրցույթին։

Մրցույթի առաջինից մինչև չորրորդ թեկնածուներին դպրոցի խորհուրդը նկատողություն էր անում, որպեսզի հետևեն տնօրենի ընտրության վերոնշյալ կարգին և դպրոցի զարգացման ծրագիրը ներկայացնեն բանավոր՝ առանց կարդալու։ Չորրորդ թեկնածուն՝ Գոհար Գրիգորյանը, որն էլ հենց այդ օրը ընտրվեց դպրոցի տնօրեն, ևս խախտում էր կարգը՝ կարդալով դպրոցի կառավարման իր կողմից ներկայացված ծրագիրը։

Այստեղ հարկ է նշել, որ տիկին Գրիգորյանի ելույթի ժամանակ և դրանից հետո դպրոցի խորհուրդը բավականին բարյացկամ էր, իսկ հնչեցված հարցերը բավականին մեղմ էին։ Խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամսոն Շաշիկյանն նաև իր համակրանքը հայտնեց Երևանի թիվ 171 դպրոցի դրադարանի կազմին և առհասարակ դպրոցի գործունեությանը, որտեղ էլ հենց տվյալ պահին աշխատում էր Գոհար Գրիգորյանը։

Նշենք, որ թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը պաշտոնավարում է 2000 թվականից մինչ այժմ։ Տնօրենը չի փոխվել շուրջ 19 տարի։

Գոհար Գրիգորյանի կողմից դպրոցի զարգացման ծրագրի ներկայացումից հետո հայտարարվեց ընդմիջում, իսկ արդեն մյուս մասնակցի՝ Մարգարիտա Խաչատրյանի կողմից դպրոցի զարգացման ծրագրի ներկայացման ընթացքում կառավարման խորհրդի անդամները բավականին խտրական էին։

Մասնավորապես, երբ Մարգարիտա Խաչատրյանը, կարևորելով քննադատական մտածողությունը, ներկայացրեց առաջարկություններ, որոնք կձևավորեն երեխաների վերլուծական միտքը,  կառավարման խորհրդի անդամ Արման Փիլոսյանը դեմ խոսեց այդ գաղափարին։ Վերջինս նշեց, որ երեխաների քննադատական մտածողության ձևավորումը կբերի ուսուցչի աշխատանքի բարդացման։

Ի դեպ նշենք, որ Արման Փիլոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նկարը՝ ստորև․

Տիկին Խաչատրյանի ծրագրի մի հատված ևս քննադատվեց։ Պատճառը ֆակուլտատիվ դասընթացներ կազմակերպելու առաջարկն էր։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամսոն Շաշիկյանը ֆակուլտատիվ դասընթացների կազմակերպումը որակեց որպես դրամահավաքի կազմակերպում։ Սակայն, նախկինում կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության  և ծնողի միջև կնքվող պայմանագրի ձևերը՝ լրացուցիչ հիմունքներով պարապմունքների կազմակերպման համար։

Այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին տնօրեն ընտրվեց Գոհար Գրիգորյանը։  Վերջինիս տնօրենի արտոնագրի ժամկետը լրանում էր մրցույթին հաջորդող աշխատանքային օրը՝ նոյեմբերի 4-ին։ 

Նույն օրը Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Տաթևիկ Խաչատրյանը, ով ևս դիտարկում էր տնօրենի ընտրության մրցույթը, իր գրավոր դիտարկումները ներկայացրեց կրթության և գիտության փոխնարար Լուսինե Առաքելյանին։ Դիտարկուներում նշվում էին  այս հոդվածում բարձրացված խնդիրները։

Արդեն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԿԳՄՍՆ-ում նիստ է գումարվել։ Նիստին ներկա է եղել նաև տնօրենի թեկնածու Մարգարիտա Խաչատրյանը։ Արդյունքում որոշվել է չեղյալ համարել այս տարվա նոյեմբերի 1-ին Երևանի թիվ 180 հիմնական դպրոցում տեղի ունեցած դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները։

Արփի Ավետիսյան

x