Մատենադարանում հաշվեհարդա՞ր է նախապատրաստվում. Արծրունի Սահակյանը պնդում է, որ այդպես է |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 6-ին, Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրված է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը՝ հաստատության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող, խոստանում է խնդրահարույց դառնալ:

Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը համոզված է, որ այդ նախաձեռնության իրական նպատակը իր ղեկավարած խմբի լուծարումն է, իսկ պատճառը՝ իր նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, ինչին ձգտում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: «Կառուցվածքային փոփոխությունները խորապես ուսումնասիրելուց հետո եկանք այն համոզման, որ այնտեղ որեւէ էական, լուրջ փոփոխություն չկա, բացի իմ գիտահետազոտական խումբը փակելուց:

Մնացածը կոսմետիկ ինչ-որ ձեւակերպման փոփոխություններ են»,- ասաց Արծրունի Սահակյանը: Նրա եւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հարաբերությունները ժամանակին լարվել են, երբ տնօրենի պաշտոնակատար նշանակված Տեր-Ղեւոնդյանը փորձել է դոկտորի գիտական աստիճան ստանալ: Դա անհրաժեշտ պայման է եղել՝ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար, իսկ Արծրունի Սահակյանն, ինչպես նշեց, խոչընդոտ է դարձել այդ աստիճանը ձեռք բերելու ճանապարհին:

«Դա բոլորովին հիմնարկի հետ կապ չունեցող հարց է եղել: Դա եղել է իր դոկտորական ատենախոսության հարցը: Ես պետականորեն, որպես կրկնակի դոկտոր, պրոֆեսր, ԲՈՀ-ից ստացել եմ փակ գրախոսի առաջարկ, կատարել եմ այդ պարտավորությունը, օբյեկտիվ գրախոսել եմ իր աշխատանքը, որի արդյունքում երկու անգամ չի անցել ԲՈՀ-ում: Բայց ինքը, օգտագործելով իր հնարավորությունները եւ խախտելով օրենքը, գաղտնազերծել է այդ փակ գրախոսությունը եւ իմանալով, որ հեղինակը ես եմ, Արամ Սիմոնյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Լեւոն Մկրտչյանի հետ միասին շանտաժի են ենթարկել ԲՈՀ-ի նախկին նախագահին, որ քո կուրսեցու կողմն ես պաշտպանում եւ այլն, առանց իմ թեզերը հերքելու, առանց թերությունները վերացնելու ստիպել են, որ ատենախոսությունը հաստատի վերջապես:

Երկու անգամ մերժվելուց հետո երրորդ անգամ նոր հաստատվել է»,- նշեց բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Հավելեց, որ ինքը տնօրենի անբարյացակամ վերաբերմունքին արժանացած ու հետապնդվող միակ աշխատակիցը չէ:

Արծրունի Սահակյանի խոսքով, իր ղեկավարած գիտահետազոտական խումբը չի ստեղծվել որոշակի ժամանակահատվածով, այլ նրա առջեւ դրվել է հստակ խնդիր, որը դեռ չի լուծվել, իսկ այս ընթացքում իրականացված աշխատանքները եղել են արդյունավետ:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վստահեցնում է, որ ձեռնարկված փոփոխությունները կապ չունեն իր դոկտորական ատենախոսությանն առնչվող կոնֆլիկտի հետ: «Ատենախոսությունն այստեղ որեւէ կապ չունի: Իմ կողմից նման բան չկա: Այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվում են, շատ ավելի մեծ փոփոխություններ են, քան կոնկրետ այդ խմբի հարցը, որ Արծրունի Սահակյանը ղեկավարում է այս պահին: Եվ այդ փոփոխությունների մասին հիշատակված է իմ նախընտրական ծրագրում, որի հիման վրա անցյալ տարվա մարտի սկզբին ինձ ընտրել են տնօրեն: Այն ժամանակ արդեն ես նախատեսել էի մի շարք փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունները ժամանակի ընթացքում բյուրեղացան, հստակացան, եւ դա իր մեջ ընդգրկեց նաեւ խմբերի հարցը:

Մատենադարանն ունի բաժիններ եւ խմբեր: Երեք խմբերից մեկը առաջարկվում է դարձնել բաժին, իսկ մյուս երկու խմբերի գոյությունը թե՛ իմ եւ թե՛ գիտական խորհրդի կարծիքով հիմնավորված չէ գիտականորեն կամ հետազոտական աշխատանքների նպատակահարմարության տեսակետից: Օրինակ Արծրունի Սահակյանի խումբը (ինքը ու եւս երեք հոգի), տարբեր բաժիններում աշխատող մարդիկ են, որոնք արդեն իսկ ունեին իրենց գիտական թեմաները, արհեստականորեն միացել են իրար, մի անուն է դրվել խմբի վրա եւ ստեղծվել է սարքովի միացություն»,- ասաց Տեր-Ղեւոնդյանը: Ավելացրեց, որ փոփոխությունների արդյունքում մարդիկ աշխատանքից չեն հեռացվելու եւ չեն ընդհատվելու նրանց գիտական թեմաները: Նրանք շարունակելու են աշխատել իրենց բաժիններում:

x