Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում և երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվել է ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին
Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

 

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:
Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին
Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

 Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:
Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին
Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

 

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Նյութն ամբողջությամբ՝ armeniasputnik.am

x