Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ. մարզպետ |armtimes.com|

armtimes.com։ Վերջին օրերին տեղեկություններ են ստացվում, որ Տավուշի մարզում շարունակվում են անտառահատումները: Մասնավորապես, մեր տեղեկություններով, օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում. խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։

Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մեր զրույցում ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են:


- Պարո՛ն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները: Տեղյա՞կ եք այդ մասին:

- Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ: Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած, անհամադրելի են նախորդ ծավալներին: Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս: Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։

99 տոկոս դեպքերում հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք: Այսինքն, ըստ էության, կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին, ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել: Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ, ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:

- Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ:

- Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են: Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը: Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում:

Հիմնականում դա այն փայտանյութն է, որն արդյունահանվում է կա՛մ թափուկի, կա՛մ քամատապալի, կա՛մ հատատեղերից հատված ծառերի տեսքով: Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր: Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված են հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք, օրինակ՝ հիվանդ ծառ է: Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով: Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:

- Նախկինում խոսվում էր, որ անտառապետներն ու անտառապահներն առնչություն ունեն անտառահատների հետ: Այլեւս չկա՞ նման կապ:

- Ես չեմ կարող բացառել: Դրանց մասին որոշակի հայտարարություններ հնչել են ոստիկանությունից: Մի քանի անտառապետների մասով էլ կան հարուցված քրեական գործեր: Այսինքն, այնուամենայնիվ, որոշակի իներցիոն դրսեւորումներ կան, եւ բնական է, քանի որ մենք ամբողջությամբ չենք ազատվել գործող աշխատակազմից, որը սովոր էր ինչ-որ ձեւերով աշխատել, ու դա փորձված էր:

Սա բնական է, ինչպես ցանկացած ոլորտում հանցագործը գնում է հանցագործություն կատարելու, այլ բան է՝ մենք այդ հնարավորությունն իրենց տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս: Մենք, ըստ էության, ոչ թե քչացրել ենք, այլ գրեթե վերացրել ենք ապօրինի անտառահատումները, եւ գրեթե բոլոր նմանատիպ դեպքերը հայտնաբերվում են, համապատասխան վարույթ է բացվում: Բացահայտումների արդյունքում արդեն պարզվում են, թե այդ անտառապահներն ինչ առնչություն են ունեցել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

 

x