Նախարարությունը ֆինանսավորել է ոչ թե սեռափոխված մարդու, այլ Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին ֆիլմը. վարչապետ |armtimes.com|

armtimes.com։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղեւորվում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու համար: Կառավարության մոտ նրան շրջապատեցին մի խումբ ՀՅԴ ակտիվիստներ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց են անում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Պատճառը նախարարության նոր օրինագիծն է, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները բուհերում այլեւս պարտադիր առարկաների ցանկում չեն լինելու:

Ցուցարարները ներկայացան որպես Դաշնակցականներ եւ հետաքրքրվեցին վարչապետից, թե հետեւու՞մ է արդյոք իրադարձությունների զարգացմանը ԿԳՄՍ նախարարության շուրջ եւ տեղյա՞կ է երկուշաբթի օրը կուսակցության երիտթեւի տարածած հայտարարությունից:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տեղյակ է ու չի կիսում այդ հայտարարության կետերից ոչ մեկը:

Վարչապետն խնդրեց բացատրել, թե ինչ պահանջներ ունեն: Երբ որ բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ պահանջում են նախարարի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Եթե Արայիկ Հարությունյանը կոռումպացված լիներ, եթե ուսանողներից գումարներ հավաքեր, նման պահանջն արդարացված կլիներ, իսկ բարեփոխումները, որոնք ձեզ համար ընդունելի չեն, Արայիկ Հարությունյանը չի իրականացնում, կառավարությունն է իրականացնում»:

Ցուցարարները հակադարձեցին, որ Արայիկ Հարությունյանը չունի կրթության մասին հայեցակարգ, խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: Վարչապետը, ընդհատելով ՀՅԴ ակտիվիստի խոսքը, նշեց, որ եթե, իսկապես, կա նման խնդիր եւ Ա. Հարությունյանը խուսափում է լսել կարծիք, ապա ինքը խոստանում է, որ դա այդպես չի մնա:

Խոսվեց նաեւ նախարարության կողմից ֆինանսավորված «Մել» ֆիլմի մասին: Վարչապետը հայտնեց, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, նրա շնորհիվ 3 անգամ Եվրոպայում բարձրացվել է եռագույնը եւ բազմակի անգամներ հնչել է հայկական հիմնը: Նախարարությունը ֆինանսավորել է ոչ թե սեռափոխված մարդու մասին ֆիլմը, այլ Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին ֆիլմը, եւ չեն պատրաստվում յուրաքանչյուր գործից առաջ բոլորի կյանքի մասին տեղեկանքներ հավաքել:

Ամբողջական նյութը՝ armtimes.com-ում

 

x