Տարբեր գործերով դատախազությունը ՇՄԱԳ-ն ուսումնասիրում է, բայց ֆինանսական հաշվետվությունը չեն ստուգում․Վարազդատ Կարապետյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ-ում հաշվառված է 670 հանքավայր, որից 30-ը` մետաղական: Այսօր ԱԺ-ում մետաղական հանքարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվել են մետաղական հանքերը: Նիստը նախագահող Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվում 30 մետաղական հանքերը.

«7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային, 1 ալյումինային մետաղական հանքավայրեր, և ՀՀ-ն մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար դիրք է գրավում: Պետք է կարողանանք հարստությունը ծառայեցնել պետությանը, իրավունք չունենք բյուջեի ծախսային մասով ունենալ 4 մլրդ դոլար, այլ 40 մլրդ դոլար նման պայմաններով»:

Նա խոսել է մետաղական հանքավայրերում հանձնաժողովի կողմից անհրաժեշտ միջոցառումների մասին, նշել, որ պետք է ստուգեն ֆինանսական հաշվետվություններն ու ՇՄԱԳ-ները: Առաջարկել է.

«Դատախազությանը հարցը ուղարկել, որ ստանանք բոլոր այն նյութերը, որով անցնում են հանքերը, ՊԵԿ-ից պահանջենք վերջին 10 տարվա տվյալները մետաղական հանքավայրերի վերաբերյալ, ամբողջական փաթեթը, որ վերաբերում է հանքավայրերյն, նույնիսկ նրանք, որոնք այս 10 տարիներին դադարեցրել են գործունեությունը, բայց թողել են ավերածություններ, պոչամբարներ և այլն»:

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առաջարկել է.

«Դատախազության դիմելու հետ կապված` մենք պետք է կոնկրետ հարցումը տանք, որովհետև տարբեր գործերով իրենք ասենք ՇՄԱԳ-ն ուսումնասիրում են, բայց ֆինանսական հաշվետվությունը չեն ստուգում, որպեսզի կարողանանք մենք ստուգել»:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, որ պարտադիր է հարցումը հստակեցնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան, օրինակ է բերել.

«Հիմա «Լիդիանն» ասում է, որ չի կարողանում հանձնաժողովն ուսումնասիրել իր հաշժվետվությունը, որովհետև նախաքննական փուլում է, բայց նախաքննական փուլում է ՇՄԱԳ-ի ը, իսկ ֆինանսական հաշվետվությունը ստուգելու խնդիր ունենք, որ հասկանանք` այդ հայտարարված 400 մլն դոլարը որտե՞ղ է ներդրվել, մենք օրեր առաջ այնտեղ էինք, և գյուղացիները պատրաստակամ են գալ և հանձնաժողովին ասել, թե 1 հա հողը ինչքան է վաճառվել, կամ 400 մլն դոլարի բացվածքը նախաքննական մարմնի քննության առարկա չէ, որպեսզի հասկանանք, թե ներդրումները որտեղ են արվել, 1 հա-ն ինչ աստղաբաշխական թվերով է գնվել, այդ 20 քանի տեխնիկան արդյո՞ք բրիլիանտով կամ ռուբինով է պատված եղել: Հստակ տարանջատենք՝ ո՞ր դրվագով է նախաքննությունը, մյուսներով մեր գործունեությունը կաշկանդված չլինի»:

x