Նյու Յորքի դատարանը Դոնալդ Թրամփին տուգանել է 2 միլիոն դոլարով |azatutyun.am|

azatutyun.amՆյու Յորքի գերագույն դատարանի դատավոր Սելիեն Սկարպուլան երկու միլիոն դոլարով տուգանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, վճռելով, որ Թրամփն իր բարեգործական հիմնադրամի միջոցներն օգտագործել է քաղաքական և գործարար շահերի համար:

Նյու Յորքի նահանգի գերագույն դատարանի դատավոր Սկարպուլան պահանջել է, որ Թրամփը՝ որպես հատուցում, այդ գումարը փոխանցի շահույթ չհետապնդող կազմակերպություններին և այդպես լուծի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի ներկայացրած քաղաքացիական հայցը:

Գլխավոր դատախազը 2018 թվականի հունիսին հայց է ներկայացրել և նախագահին մեղադրել է «Թրամփի հիմնադրամ» կառույցը 2016 թվականի նախընտրական արշավի համար ապօրինի եղանակով ծառայեցնելու մեջ:

Մասնավորապես, ըստ Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի, Թրամփն իր նախընտրական թիմի անդամներին թույլատրել է 2016 թվականին Այովայի նահանգնում նախատեսված ներկուսակցական հավաքների ընթացքում համագործակցել վետերանների համար գումարներ հայթայթող բարեգործական հիմնադրամի հետ:

Ըստ դատավոր Սկարպուլայի, այդ միջոցառման նպատակն էր սատարել Թրամփի նախընտրական արշավին:

Թրամփը համաձայնել է փակել այդ բարեգործական կառույցը, սակայն գործի քննությունը շարունակվել է:

Հետագայոում Թրամփի փաստաբանները դատարանի հետ հասել են համաձայնության, ըստ որի կառույցը լուծարվում է և դրա հաշվեհամարին մնացած 1 միլիոն 700 հազար դոլարը փոխանցվում է ոչ շահութաբեր այլ կազմակերպություններին:

Թրամփն անձամբ է խոստովանել հիմնադրամի միջոցները ոչ նպատակահարմար եղանակով տնօրինելու հանգամանքը և ընդունել է գլխավոր դատախազի առաջարկն այն մասին, որ դատավորը պետք է որոշի տուգանքի չափը:

x