Ինչպես է Կենտրոնական բանկը պատրաստվում միջամտել բանկերի «ագրեսիվ» վարկավորմանը |hetq.am|

hetq.am։ Այս տարի Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի կազմում մեծ արագությամբ աճում են սպառողական և հիպոթեքային վարկերը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, մեկ տարվա կտրվածքով համեմատությունները ցույց են տալիս, որ դրանք աճում են 30-40%-ով։

Նույն ընթացքում, սակայն, բնակչության եկամուտներն աճում են մի քանի անգամ ավելի դանդաղ։ Սա իրական մարտահրավեր է ինչպես բանկերի, այնպես էլ հաճախորդների համար, քանի որ այսպես շարունակվելու դեպքում մեծ է հավանականությունը, որ ապագայում նրանք չեն կարողանալու ժամանակին մարել վարկերը։

Իսկ սա նշանակում է, որ ոմանք կհայտնվեն «սև ցուցակներում», ոմանք՝ գույքը կկորցնեն և այլն։ Օրեր առաջ պարզեցինք, որ այս թեմայի շուրջ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) նախագիծ է պատրաստում։ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ զրուցել ենք, թե գլխավոր դրամատունը ինչ գործիքներով է պատրաստվում միջամտել վարկավորմանը։

Պրն Գրիգորյան, ֆինանսական կայունության տեսանկյունից վարկավորման այս բարձր աճը ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում և ինչպե՞ս եք ծրագրում միջամտել։

Մենք տեսնում ենք սպառողական և հիպոթեքային վարկերի շատ արագ աճ, որը, սակայն, դեռևս սպառնալիք չէ ֆինանսական կայունության տեսանկյունից։ Այո, եթե համեմատենք բնակչության եկամուտների հետ, ապա սպառողական և հիպոթեքային վարկերը շատ ավելի մեծ տեմպերով են աճում, և դա կարող է հետագայում խնդիրներ առաջացնել: Այս պահին դեռևս սպառնալիքներ չենք տեսնում, սակայն քայլեր ենք ձեռնարկում, որ դրանք իրականություն չդառնան։

Այստեղ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների մոտ պարտքի բեռի կուտակմանը, որն առաջին հերթին վնասելու է հենց նույն հաճախորդներին։ Առանց եկամուտների աճի սպառողներն ունենում են պարտքի բեռի էական կուտակում։ Մեր խնդիրն է տնտեսության մեջ՝ անհատների շրջանում, կանխել պարտքի բեռի անհամաչափ կուտակումը, որը վաղ, թե ուշ խնդիրներ է ստեղծելու հենց իրենց համար։

Պարտքի բեռը սպառողի կողմից վարկերի ամսական մարումներն են իր եկամուտների մեջ։ Եվ սպառողների բավական մեծ զանգված պարտք է ոչ միայն բանկերին, վարկային կազմակերպություններին, այլև՝ տարբեր տեսակի պարտքեր ունի։ Եվ երբ այդ պարտքերն ու եկամուտները չեն աճում համաչափ, սպառողները հետագայում չեն կարողանալու մարել պարտքերը։

Հիմա մենք քննարկում ենք, և չի բացառվում, որ հենց մոտ ապագայում արդեն պաշտոնապես հայտարարենք մեր քննարկումների արդյունքների մասին։ Քննարկում ենք որոշակի գործիքներ կիրառելու հարցերը։ Այդ գործիքներից մեկը կարող է լինել պարտքի սպասարկման գործակցի սահմանումը։ Օրինակ՝ պետք է ուսումնասիրել սպառողի եկամուտները, և եթե այդ եկամուտների 35-40%-ն արդեն ուղղվում է վարկերի սպասարկմանը, ապա այդ հաճախորդին պետք է մերժել նոր վարկ տրամադրելը։

Պատկերացրեք՝ քաղաքացին ունի ամսական 180 հազար դրամի եկամուտ, որից 80 հազար դրամն ուղղում է վարկերի մարմանը, և մնացյալ 100 հազար դրամը ուղղում է իր կենսապահովմանն ուղղված ամսական այլ ծախսերին։ Եվ եթե նորից այդ հաճախորդին հավելյալ վարկ տրամադրվի, հաճախորդը կարող է կանգնել ընթացիկ ծախսերի հետ կապված խնդրի առաջ։ Մեր խնդիրն այս դեպքում հաճախորդներին պաշտպանելն է` կանխելով հաճախորդի հետագա բնականոն կենսապահովման վատթարացման և վերջինիս ակտիվների կորստի հավանական ռիսկերը` պարտքի սպասարկման գործակից սահմանելով։

Բանկերի մի մասն այսօր կիրառում է այս գործիքը, սակայն այն պետք է ավելի համատարած, համաչափ ու ստանդարտացված կանոններով կիրառել։ Գուցե, քաղաքացին սա չի գիտակցում կամ կարծում է, որ իր համար ավելի լավ կլինի նոր վարկեր ստանալը, սակայն նույն քաղաքացին հետագայում փաստի առաջ է կանգնելու. ստիպված է լինելու նոր վարկերի համար դիմել, նոր տոկոսադրույքներ վճարել և/կամ դատական ու հարկադիր կատարման ծառայության հետ առնչվել և այլն։ Բանկի համար վերադարձելիության խնդիր է առաջանալու, իսկ հաճախորդի համար՝ չմարելու։ Քաղաքացու համար հաճելի է այդ պահին վարկը ստանալը, սակայն ամենատհաճ պահերը սկսվում են վարկի առաջին իսկ մարման օրվանից։

Հիմա մեր քննարկումների արդյունքում ցանկանում ենք ավելի շատ խթանել պատասխանատու վարկավորումը։ Նմանատիպ գործիքներն այսօր լայն կիրառություն ունեն միջազգային պրակտիկայում և արդյունավետ են համարվում ինչպես վարկառուների պաշտպանության և խելամիտ (պատասխանատու) վարկավորման, այնպես էլ վարկային ռիսկերի անհամաչափ կուտակումների սահմանափակման տեսանկյունից:

Բացի պարտքի սպասարկման գործակից սահմանելը, ի՞նչ այլ գործիքներ է ենթադրում Ձեր նշած պատասխանատու վարկավորումը։

Պատասխանատու վարկավորումը ենթադրում է, որ վարկավորման գործընթացում բանկերը շատ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն հաճախորդների եկամուտների կառուցվածքին, որպեսզի վերջիններս հետագայում լրացուցիչ խնդիրների առաջ չկանգնեն, և ի սկզբանե ստանան այնքան վարկ, որքան որ իրենք կկարողանան սպասարկել։ Պետք է ուսումնասիրել` արդյոք հաճախորդի եկամուտները թույլ կտան, որ նա հետագայում մարի իր վարկերը։

Իսկ եթե վարկատուն՝ բանկը կամ վարկային կազմակերպությունը, տեսնի, որ ամեն լրացուցիչ վարկ խնդրահարույց է դառնում հաճախորդի համար, այդ դեպքում պետք է հնարավորինս ձեռնպահ մնա վարկ տրամադրելուց՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի գույք է գրավադրվում։, Կամ շատ ծանրակշիռ հանգամանքներ պետք է լինեն, որ այդ վարկը տրամադրվի հաճախորդին։ Բնականաբար, ճկունության որոշակի մեխանիզմներ կտրվեն ֆինանսական կազմակերպություններին։

Հաճախորդների կողմից, ենթադրում եմ, մեծ դժգոհություններ կլինեն այս սահմանափակումների արդյունքում։ Եվ, առհասարակ, հաճախորդն ասելու է՝ վարկը տրամադրեք, իմ պարտքի բեռի ու հետագա խնդիրների մասին ես կմտածեմ։ Ինչպե՞ս եք պատրաստվում այդ սահմանափակումների նպատակը բացատրել հաճախորդներին, ի՞նչ ճանապարհներով։

Հաճախ հաճախորդները, չխորանալով ֆինանսական հաշվարկների մեջ, նոր պարտքեր են վերցնում բանկերից։ Պատասխանատու վարկավորման ամբողջ իմաստը հաճախորդի պաշտպանությունն է։ Վարկի մերժման պարագայում հաճախորդը կարող է մեղադրել բանկերին ու Կենտրոնական բանկին, սակայն սա արվում է նրա համար, որ և՛ բանկերը, և՛ հաճախորդներն ավելի պատասխանատու վերաբերվեն վարկերին և իրենց ֆինանսական հոսքերին։ Մեղավորներ ման գալու փոխարեն պետք է հետ նայել ու հասկանալ՝ արդյոք ես ունա՞կ եմ մարել այս վարկը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

x