RElection [#20] Մինչև ընտրական բարեփոխումները անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ հանցավոր և ապազգային ռեժիմի գործունեությանը․ Վարուժան Ավետիսյան

RElection նախագծի շրջանակում ընտրական բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ։

-Դուք քանիցս խոսել եք ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, դա նաև «Սասնա ծռեր»-ի ծրագրային դրույթներից է, հիմա խնդրում եմ՝ ավելի առարկայական նշեք, թե ինչ առաջնային փոփոխություններ է պետք կատարել մասնավորապես Ընտրական օրենսգրքում։


-Նախ ուզում եմ շեշտել, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ավելի ճիշտ՝ նոր օրենքների ընդունումը մենք պատկերացնում ենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համատեքստում և որպես դրա ածանցյալ արգասիք, այլ ոչ այս պահին մեր ժողովրդի վզին նախկինից փաթաթված կեղծ, ապօրինի փաստաթղթի, որ Սահմանադրություն է կոչվում, որպես դրա լեգիտիմացման գործողություն նույն հանցավոր ռեժիմի ընդունած «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի կոսմետիկ փոփոխությունների միջոցով: Այսինքն` պետք է համակարգային մոտեցում լինի այս հարցում, սակայն, ցավոք սրտի, որևէ հարցում ռազմավարական, համակարգային մոտեցում չկա, ընդհանրապես պատկերացում չկա աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների վերաբերյալ, թե այս ժամանակաշրջանում Հայաստանը ինչպիսին պետք է լինի, ուր պետք է գնա, ինչ բովանդակություն պետք է ունենա, ինչպես պետք է արդիականացվի, և այլն, և այլն: 

Այդպես էլ մնաց որպես խոսք մեր և մի շարք այլ ուժերի և անհատ գործիչների շուրթերից արտասանված, որ պետք է հեղափոխություն իրականացվի: Հեղափոխությունը Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանով ու նրա թիմով փոխարինելը չէ, ընդ որում՝ պետք է նկատի ունենանք, որ շատ առանցքային պաշտոններում դեռևս այն ժամանակվա պաշտոնյաները նստած են և արդեն բացահայտ են գործում մեր պետականության և ժողովրդի, նաև հենց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի դեմ: Այս վիճակը անհանդուրժելի է, և օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է վերանայի իր քաղաքականությունը և ռազմավարական մոտացումներ ցուցաբերի, հակառակ պարագայում Հայաստանի ձախողումը խիստ հավանական է դառնում:

Առաջին հերթին, անհրաժեշտ է իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ հանցավոր և ապազգային ռեժիմների գործունեությանը, առհասարակ Հայաստանի, այսպես կոչված, Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է հիմնովին վերանայվի: Դա դավաճանական, ապազգային հայեցակարգ է, որը մեզ տեղավորել է որպես կիսագաղութ ռուսական կայսրության մնացորդային տիրույթում և ,ըստ էության, մեր պետությունը՝ որպես համակարգ, մեզ վերածել է 100 տարի առաջ ռուս-թուքական հակահայ դաշինքով ձևավորված տարածքային միավորման՝ մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության պահապան շան: Ցավոք սրտի, այսօր աշխարհաքաղաքական առումով այդպիսին է մեր կարգավիճակը։

Հետո դրա հիման վրա պետք է անցումային արդարադատություն իրականացվեր՝ բոլոր բաղադրիչներով և ամբողջական գործիքակազմով, այսինքն` համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, այդ թվում՝ քրեական դատավարության բաղադրիչով: Բոլոր պարագլուխները պետք է նստեին «հայկական Նյուրեմբերգ»-ի նստարանին և պատասխան տային իրենց գործած ոճիրների համար:

Պետք է նաև այդ համատեքստում անցկացվեր լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական, գործակալական, և պետք է արգելվեր բոլոր այն կուսակցությունների, առաջին հերթին` ՀՀԿ-ի գործունեությունը, որոնք զավթել էին պետությունը: Քանի դեռ անցյալից այս մասշտաբով չենք մաքրվել, զարգացման հեռանկար չենք կարող ունենալ: Այնուամենայնիվ, որպես միջանկայլ քայլ, եթե թեկուզ չկա կամք և կարողություն՝ բարոյակամային և հոգեմտավոր, այս մասշտաբի գործունեություն ծավալելու, գոնե պետք է ի մտո ունենալով, որ հետագայում եկողները միգուցե իրենցից ավելին կարողանան անել՝ պետության և ազգի դեմ պարտք ունեցող այսօրվա իշխանությունները, որ մեծ-մեծ տոկոսադրույքներ են ավելացնում այդ պարտքին և չեն էլ պատրաստվում առ այսօր որևէ կերպ փոխհատուցել այն, նկատի ունեմ այն հեղափոխական մանդատը, որ նրանց տրվեց, իսկ իրենք մսխում են, գոնե պետք է անեն այնպիսի քայլեր, որոնք փուլային առումով նախապատրաստեն այդ վիճակը:

Այսինքն` ստեղծեն մի վիճակ, որի պայմաններում հնարավոր կլինի ինչ-որ չափով ընտրություն ապահովել և ինչ-որ չափով կայացնել քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը, կուսակցությունները: Ազգային ժողովում քննարկումների ժամանակ կային առողջ առաջարկություններ, մասնավորապես, պարոն Մազմանյանի առաջարկությունները, զուտ փուլայինի տրամաբանության մեջ եթե դիտենք, բավականին հետաքրքիր էին: Հիմա ներկայացնեմ, թե ինչպես ենք թեկուզ այդ փուլային բարեփոխումները պատկերացնում։ 

Ասեմ, որ ապագան իրականում արդեն կուսակցություններինը չէ, խորքային փոփոխություններ են տեղի ունենում, և կառավարման համակարգերը էապես վերանայվելու են, բայց դա, իհարկե, միանգամից տեղի չի ունենալու։ Ակնհայտ է, որ ներկայացուցչական դեմոկրատիան ճգնաժամի մեջ է, և լուծումներ են որոնվում; Այնուամենայնիվ, որպես փուլային մոտեցում, մենք պետք է առնվազն մի քանի սկզբունք որդեգրենք՝ առաջադիմական բնականության սկզբունքը, պարզության, հավասարության, թափանցիկության և արդիականության սկզբունքները։ Մասնավորապես, ընտրական համակարգի մասով պետք է սահմանել 100% համամասնական, այսինքն՝ համապետական փակ ցուցակներով ընտրակարգ՝ մեկ քվեաթերթիկով, որի վրա նշվում են կուսակցությունների անունները և «բոլորին դեմ եմ» նշումը։ Շատ պարզ, հասարակ վիճակ պետք է ստեղծել, որովհետև այսօրվա այս խճճված համակարգը միայն հնարավորություն է տալիս լծակներին ու ռեսուրսներին տիրապետողներին հասնելու հաջողության, ինչպես նաև մոլորեցնելու ժողովրդին՝ շփոթելու ընտրելու իր հնարավորությունը։ Եվս մեկ անգամ տեսանք, որ այդ խայտառակ ռեյտինգային համակարգը դժոխային անցյալը մեր իրականություն փոխանցելու կամուրջի դեր կատարեց, ուրիշ ոչինչ։ 

Պետք է վերականգնվի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը։ Չեկիստոկրատական, խարդավանքային մտածելակերպից դրդված՝ արտերկրում բնակվող հայերին լրտեսներ համարելու մտածելակերպը պետք է ջնջվի։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Այլ հարց է, որ տեխնիկապես ամբողջությամբ նրանց ընտրելու իրավունքն ապահովել չի լինի, դա հասկանալի է, բայց Հայաստանի դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններում և հնարավոր այլ տեղերում պետք է բացվեն ընտրատեղամասեր։ Ովքեր ի վիճակի կլինեն գնալ ընտրելու, դա արդեն իրենց գործն է։ Երևի մեկ միլիոնից ավել Հայաստանի քաղաքացի կա դրսում, ես տվյալներին չեմ տիրապետում, սա էական չէ, ամեն դեպքում մենք պետք է հնարավորություն ստեղծենք՝ իրենց ընտրական իրավունքն իրացնելու։ 

Արցախում հաշվառված Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ընտրելու և ընտրվելու իրավունք։ Արցախը ՀՀ տարածքի օրգանական բաղադրիչն է՝ պատմական, իրավական, քաղաքական, ռազմական բոլոր առումներով։ Երբ ես խոսում էի իրավաքաղաքական գնահատական տալու և այսօրվա այսպես կոչված Երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը վերանայելու մասին, դա հենց սրան էր վերաբերում, որովհետև ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի՝ մենք հրաժարվեցինք Առաջին Հանրապետության իրավահաջորդությունից, և մեզ, ըստ էության, հռչակեցինք որպես Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ։ Այսինքն՝ մի վարչական տարածքի, որը մեզ էր մնացել ռուս-թուրքական ագրեսիայի և բռնազավթման, մասնատման հետրևանքով, այն էլ՝ ոչ որպես ինքնիշխան պետություն։ Ահա այսպիսի խնդիրներ կան լուծելու, որոնց այսօրվա իշխանությունները, ցավոք սրտի, անգամ մոտ գալու նշաններ ցույց չեն տալիս։ Ավելին՝ դատողություններ են արվում երեք ժողովուրդների մասին՝ Ադրբեջանի, Արցախի, Հայաստանի ժողովուրդներ։ Արցախի ժողովուրդ գոյություն չունի, Արցախում ապրում են հայեր և Հայաստանի քաղաքացիներ։ Բակո Սահակյանը որպես Հայաստանի քաղաքացի, Ստեփանակերտի բնակիչ է ճամփորդում աշխարհում և ընդունելություն գտնում բարձր պետական մակարդակներով տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այսինքն՝ աշխարհն իրականում ճանաչում է Արցախը՝ որպես Հայաստանի մաս, մենք ենք, որ շարունակում ենք սպասարկել այդ կիսագաղութային հայեցակարգը և մնալ որպես Մոսկվայի ենթակայության տակ գտնվող գորշ զոնա։ Այս վիճակից օր առաջ պետք է դուրս գալ արդեն նշածս քայլերով։ 

Նույն անձի՝ տարբեր տեղամասերում քվեարկելու հնարավորությունը պետք է բացառվի։ Ճիշտ է՝ հիմա էլէկտրոնային կարգավորումներ կան, որոնք հնարավորություն են տալիս տվյալ ընտրատեղամասում քվեարկելը բացառելու։ Գիտենք՝ բազմաթիվ հիմնավոր կասկածներ կային, որ կային շրջիկ խմբեր նախորդ ընտրությունների ժամանակ, և դրանք բազմաթիվ քվեարկություններ էին կատարում, և դա ստուգել հնարավոր չէ։ Այդ պատճառով պետք է մատնահետքային ստուգման ամբողջական համակարգ ստեղծվի՝ միասնական տվյալների բազայով, որը կբացառի կրկնաքվերակությունը։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչպես պետք է կազմավորվեն ընտրական հանձնաժողովները։

-Դրանք պետք է կազմավորվեն ոչ ըստ կուսակցությունների, առավելապես՝ ոչ ըստ միայն խորհրդարանում հայտնված կուսակցությունների։ Եթե շարունակենք նախկինում պետությունը զավթած հանցավոր համագործակցության կուսակցությունների ներկայացուցիչներով զբաղեցնել ընտրական հանձնաժողովներն, ապա ինչի՞ մասին է խոսքը, կամ ի՞նչ գործ ունի Մուկուչյանը՝ որպես ԿԸՀ նախագահ՝ իր կեղծարար թիմով հանդերձ։ Պետք է ոչ թե կուսակցություններից ձևավորվեն, այլ պետությունը պետք է ձևավորի ընտրական հանձնաժողովներ։ Պետությունը պետք է պատասխան տա սրա համար։ Նախկինում որպեսզի ցույց տային, թե պետությունը չեն զավթել, ստեղծել էին այդ համակարգը, ինչն, իհարկե, խորհրդային իներցիայով էր գալիս, ուղղակի կաղապարը պահելով՝ ներքին ֆունկցիան փոխեցին և ծառայեցրին իրենց։ Ստեղծվեց մի իրավիճակ, որ ահա, դուք՝ կուսակցություններդ եք հանձնաժողովները կազմում, պայքարեք ձեր ձայների համար։ Այսինքն՝ ժողովուրդը պիտի ամեն օր պետությունը զավթած հանցագործների հետ կռիվ տա, պաշտպանի իր ձայները, իսկ ինչպե՞ս պաշտպանի։ Տեսնում էինք էլի՝ ինչպես էին պաշտպանում, ամեն անգամ խեղճ ժողովուրդը ոտքի էր կանգնում, ջարդում, փշրում, բանտարկում, տուն էին ուղարկում։ Ամեն անգամ նույն պատմությունն էր։ Այս իմիտացիոն վիճակից դուրս գալու միակ տարբերակը պետության կողմից այդ հանձնաժողովների ձևավորումն է։

-Ի՞նչպես եք պատկերացնում քաղաքականության մեջ կանանց ներկայացվածությունը մեծացնելու ռազմավարությունը։

-Երբ խոսում էի առաջադիմական բնականության մասին, նաև հետևյալը նկատի ունեի․ մեր այսօրվա գործող օրենքով սահմանված է նույն սեռի 1/4-ով պարտադիր ներկայություն և հաջորդիվ նախատեսվում է արդեն՝ 1/3-ով։ Ամբողջությամբ ողջունելով և ջատագովը լինելով կանանց առավելագույն ներգրավվմանը քաղաքականության մեջ, ընդհանրապես հավասար ներառականությանը կյանքի բոլոր հարցերում, այդ մնացորդային խավարից դուրս գալու առաջամարտիկ լինելով՝ միևնույն ժամանակ դեմ եմ անբնականությանը։ Այսօր, ցավոք սրտի, մեր կանայք բավարար ակտիվություն, ներառականություն չեն ցուցաբերում քաղաքական կյանքում։ Ուրեմն՝ պետությունը պետք է ունենա մշակված ծրագիր՝ փուլ առ փուլ կանանց ներառականությունը մեծացնելու ուղղությամբ, բայց յուրաքանչյուր տվյալ վիճակում պետք է առաջնորդվի բնական չափանիշներով։ Արհեստական ներմուծումը բերելու է արհեստական ցուցակների, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կոճակ սեղմողների», և դրանով պայմանավորված՝ կառավարման արդյունավետության էական վատթարացման։ Պատգամավոր կամ քաղաքական գործիչ պետք է դառնա այն մարդը, որը նախ ունի մղում, ցանկություն և միևնույն ժամանակ ունի կարողություններ։ Եթե չկա, ուրեմն՝ չկա, եթե կա, կա։ Բայց ասում եմ՝ պետությունը պետք է ծրագիր ունենա կանանց ներառականության և ոչ միայն կանանց, այլև սոցիալական մյուս խմբերի, ասենք՝ հաշմանդամություն ունեցողների ներառականության վերաբերյալ խնդիրները լուծելու համար։ 

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ավելի նեղ առաջարկություններ ևս ունենք՝ երկարաձգել ընտրությունների արդյունքների, ընտրական գործընթացի վերաբերյալ որոշումների բողոքների ներկայացման ժամկետները, ներառյալ՝ դատական պաշտպանությունը, և պարզեցնել այդ գործընթացը։ Ապահովել քվեարկության ամբողջ գործընթացի առցանց հեռարձակում բոլոր տեղամասերից՝ սկսած առավոտյան ժամը 7-ից, ներառյալ մինչև տեղամասային կենտրոնի նիստը։

Բողոքարկման իրավունքի սուբյեկտների շրջանակը պետք է ընդլայնվի։ Ընտրական ցուցակների ներկայացման և պատգամավորի թեկնածուի առաջադրման ու գրանցման համար սահմանված են չափազանց խառնիճաղանջ և բազմազան պահանջներ։ Հիշում եմ, որ A4 ֆորմատի թղթերի երեք մեծ տուփ կազմեցին մեր փաստաթղթերը, որ ներկայացրինք։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, նախ, պետք է դրանք հնարավորինս թվայնացվեն, և պետք է պարզեցվի այդ համակարգը։ Այսօր ցանկացած մարդու վերաբերյալ տվյալներ կարելի է վայրկենական ստանալ, հատկապես, եթե նա քաղաքական գործիչ է։ Կարիք չկա ավելորդ թղթամոլությամբ տառապելու և ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու և՛ կուսակցությունների, և՛ ընտրական հանձնաժողովի համար։

Դրամի կամ այլ նյութական միջոցների ազդեցությունն էապես պետք է նվազեցվի, ընտրական գրավն այս փուլում պետք է հանվի կամ առնվազն նվազեցնի։ 

Ամբողջությամբ պետք է բացառենք վարչական կամ այլ պետական ռեսուրսի օգտագործումը։ Հիմա կոնկրետ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն, ցավոք, չունենք, բայց ընտրությունների նախընտրական շրջանում և ընտրություններից հետո շփվելով քաղաքացիների հետ՝ բազմաթիվ ահազանգեր ենք ստացել վարչական ռեսուրսի չարաշահման, այդ թվում՝ ուժային կառույցների կողմից, որն, իհարկե, նախորդների համեմատությամբ ավելի մեղմ ձևով է իրականացվել, չեն ստիպել, չեն բռնացել, բայց, այնուամենայնիվ, նախազգուշացնող խոսակցություններ են վարել մարդկանց հետ։ Օրինակ՝ մեր մասով՝ դրանց հետ ի՞նչ գործ ունեք, դրանք այսպես, այնպես։ 

Արգելապատնեշը, շեմը պետք է հանվի։ Մենք չունենք կայացած քաղաքական դաշտ, սկսած կոմունիստական շրջանից մեկ փոփոխություն է եղել, երբ կոմունիստական կուսակցությունը նոմենկլատուրային ցուցակ էր, արդեն դե յուրե անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ստեղծվեցին կուսակցություններ, առաջացավ մի այլ վիճակ՝ նոմենկլատուրային ցուցակ + անկարող կամ ձևական կուսակցություններ։ Ցավոք, այդ ձևաչափը մինչև այսօր էլ գործում է։ Ե՛վ ՀՀՇ-ն էր նոմենկլատուրային ցուցակ, և՛ ՀՀԿ-ն էր, հիմա էլ ՔՊ-ն է։ Այդ մարդիկ մեղավոր չեն, որ այդպես է, համակարգն է այդպիսին։ Դրա համար էլ ասում ենք, որ համակարգը պետք է փոխվի։ Իսկ արգելապատնեշը նոր ծնվող կուսակցությունների կայացման թիվ մեկ խոչընդոտն է։ Եթե որևէ կուսակցություն թեկուզ մեկ պատգամավոր ունենալու չափով ձայն է ստացել, թող ներկա լինի խորհրդարանում։ Բազմազանությունից վնաս չկա։ Կգա մի փուլ, երբ  արգելապատնեշի հարցը դիտարկելու կարիքը կլինի։ Բայց դա հետո, երբ արդեն որոշակիորեն կկայանան կուսակցությունները։ 

-Անդրադառնանք նաև «Կուսակցությունների մասին» օրենքին, որո՞նք են այն կարևորագույն հարցերը, որ պետք է բարեփոխել այս օրենքում։

-Այստեղ հիմնական խնդիրը արդիականացումն է։ Մեր կուսակցությունները խորհրդային իներցիայի ստվերի տակ են։ Ինչ ստեղծում են, Կոմկուս է ստացվում, որովհետև համակարգն է այդպիսին, և կառավարման մշակույթի որոշ խնդիրներ կան անցյալից մնացած ու նաև իրավական համակարգը չի կարողանում ամբողջությամբ կտրվել այդ իներցիայից։ Արմատապես պետք է վերանայվեն կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, գործունեության կարգը։ Դրանք էապես պիտի պարզեցվեն, հեղափոխական փոփոխություն պետք է կատարվի այս հարցում։ Պետք է վերացվի, օրինակ, կոշտանդամության ինստիտուտը, վերացվի մարզերում գրասենյակներ, ստորաբաժանումներ ունենալու պարտադիր պահանջը։ Դա անհեթեթություն է։ Համացանցի դարում ինչի՞ մասին է խոսքը։  Գրասենյակն ինչի՞ համար է, կազմակերպվելու համար է, չէ՞, հիմա եթե կարելի է վիրտուալ ժողովներ անել, դրա իմաստը ո՞րն է, ինչու՞ են կառչել դրանից։ Այսօր բոլոր կուսակցությունները, բացի նրանցից, որոնք օլիգարխիկ ֆինանսավորում ունեն և բացի նոմենկլատուրային ցուցակ իրենցից ներկայացնող իշխանական կուսակցությունից, չունեն այդպիսի մեծ ռեսուրսներ։ Այսօր իրականում նույն «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի գրասենյակներ, որովհետև իր համար էլ է դա դժվար։ 

Ընդհանրապես, արգելքը, որ եթե կուսակցությունը չի մասնակցել ընտրությանը, պետք է կասեցնել գործունեությունը․․․Ժողովուրդն է որոշում՝ մասնակցել է, չի մասնակցել, ու՞մ ինչ գործն է, ինչու՞ ենք մենք դրանով հետաքրքրվում։ Ինչ ուզում են, թող անեն։ Հարյուրավոր կուսակցություններ կարող են առաջանալ, մարել։ Միտքը պետք է բախվի, ծեծվի, հունցվի, և ինչ-որ նոր ձևակազմեր առաջանան։ Ուրիշ տարբերակ չկա։

Մի խնդիր էլ նշեմ՝ մեդիահնարավորություններից հավասարապես օգտվելու հնարավորությունը շատ է խախտվում։ Մենք ունենք հանրային հեռուստատեսություն և ռադիո, բայց այդ մեդիահարթակներից օգտվում են ըստ տվյալ լծակներին տիրապետողների հայեցողականությամբ։ Մասնավորապես, մեր կուսակցությունը, բացի նախընտրական շրջանում պարտադիր համարված ժամանահատվածից, որ մեզ Հ1-ը եթեր է տրամադրել, մինչ օրս եթերում չենք եղել, մեզ չեն հրավիրում՝ այդ պաշտոնյաների՝ մեր կուսակցության նկատմամբ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով։ Պետք է լինեն համապատասխան պարտադրող մեխանիզմներ, որոնք նվազագույն քվոտաներ կսահմանեն հանրաքվեներին և ընտրություններին մասնակցած կուսակցությունների համար։ Եվ այդ հնարավորությունները պետք է հավասար լինեն, դա չի կարելի բաշխել ըստ ստացած ձայների։ Կարծում եմ՝ որոշակի նվազագույն չափաբաժիններ պետք է սահմանվեն նաև մասնավոր հատվածի համար։ Իհարկե, չես կարող նրանց հավելյալ սահամնափակել, բայց ինչպես ընտրությունների ժամանակ է որոշակի նվազագույն ժամանակ տրամադրվում, նույնպես պետք է լինի, երբ ընտրություններ չկան, հակառակ պարագայում այս մենաշնորհային վիճակը կպահպանվի։ 

Ըստ RElection նախագծի ձևաչափի` հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակիցն էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Նրա հարցը հետևյալն է․

-Պետական ֆինանսավորման ինչպիսի՞ ձև է Հայաստանի ներկա իրադրության մեջ առավել օպտիմալ խորհրդարանական պետություն ստեղծելու ճանապարհին։

-Ճիշտն ասած, դա ինձ համար երկրորդական հարց է, որովհետև եթե նշածս համակարգային փոփոխությունները տեղի չունենան, ինձ համար անընդունելի է, որ պետք է, օրինակ, Հանրապետական կուսակցությունը ֆինանսավորում ստանա, ես էլ փորձեմ լավագույն մեխանիզմն առաջարկել, թե ինչպես պիտի ազգադավներն ու ոճրագործները ֆինանսավորվեն։ Չի կարելի առանց տան հիմքը գցելու և պատերը սարքելու՝ դիզայնի, ներքին հարդարանքի կամ կահույքը դասավորելու ձևի մասին դատողություններ անել։ Կարծում եմ՝ հարցերն ըստ գերակայությունների պետք է շարվեն և ըստ այդմ քննարկվեն։ Ըստ իս՝ այս պահի դրությամբ պետք է դադարեցվի բոլոր կուսակցությունների ֆինանսավորումն առնվազն, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ ստեղծվեն մյուս կուսակցությունների հետ համեմատությամբ։ Հետո, եթե տեղի կունենան համակարգային փոփոխություններ, արդեն հասկանալով այդ համակարգի նպատակն ու ֆունկցիաները՝ հնարավոր կլինի դրանք սպասարկող կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։ Կառավարման տրամաբանությունը դա է պարտադրում։ 

Վարուժան Ավետիսյանի հարցը՝ հաջորդ բանախոսին։

-Ինչպե՞ս եք պատկերացնում առանց անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու, առանց անցումային արդարադատությամբ քաղաքական համակարգը մաքրելու և առանց ռազմավարական լուծումներ մշակելու, այդ թվում՝ առանց Սահմանադրություն փոխելու, դրանից ածանցյալ օրենքներում փոփոխություններ կատարելու արդյունավետությունն ու նպատակահարմարությունը։ 

Աստղիկ Քեշիշյան 


 

x