Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար եւ վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակությամբ արձանագրել, որ հունական-հայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:

x