ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել․Էրդողան

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, եթե եվրոպական կողմը շարունակի ձգձգել դրանց ընթացքն ու շարունակի սպառնալ Թուրքիային՝ Կիպրոսում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Milliyet պարբերականը:

Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987 թվականին հայտ է ներկայացրել անդամակցության վերաբերյալ: Սակայն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք մի քանի անգամ ընդհատվել են տարաձայնությունների պատճառով: Ներկայում բանակցային գործընթացի 35 կետերից բաց են 16-ը: 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել է բանակցային գործընթացը՝ դրա դիմաց Թուրքիայից պահանջելով ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլեր:

«Մենք երաշխավոր երկրի իրավունք ունենք այս տարածաշրջանում, և այդ իրավունքները վերաբերում են նաև տնտեսական գոտուն: Շատ երկրներ, որոնք չունեն այդ իրավունքները, գալիս և աշխատանքներ են կատարում այստեղ, մեզ էլ ասում են, որ մենք չենք կարող մտնել այստեղ, հակառակ դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Դուք առանց այդ էլ անընդհատ ժամանակ եք ձգում, սպառնում եք պատժամիջոցներով, շատ անգամ խոստումներ եք տվել և չեք կատարել: Այն, որ մենք ձեզ հետ բանակցային սեղանի շուրջ ենք նստում, մեզ ոչ մի բան չի պարտավորեցնում: Բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել»,- նշել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ Թուրքիան թույլ չի տա Եվրամիությանը ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի իրավիճակի հետ կապված:

Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները վերջին ամիսներին խիստ սրվել են՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի տնտեսական գոտում ածխաջրածնային հորատումներ անելու պատճառով:

x