Արա Վարդանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը կլինի վաղը |news.am|

news.am: «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ պաշտպանական խմբի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում կլինի վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը՝ 10։00-ին։ Այս մասին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Վարոսյանն ասաց, որ երկրորդ անգամ որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է, քանի դատախազն ու քննիչը չեն ներկայացել․ «Այս անգամ էլ հակառակ կողմից չէին ներկայացել»։։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը՝ դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ Վարդանյանի՝ վարկային քարտից վատնած միջոցները հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին, այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն ՀՀ դրամ:

Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ:

x