Ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ, այս ամենն ուղղված էր Հրայր Թովմասյանի դեմ. Արսեն Բաբայան |tert.am|

tert.am: «Դատարանն իմ նկատմամբ ապօրինի կալանք է կիրառել, ես կալանավորված էի 22 օր շարունակ, այն դեպքում, երբ հանցագործություն տեղի չի ունեցել»: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել կալանավայրից ազատ արձակված՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Ըստ նրա՝ իրեն մեղսագրվող արարքը՝ իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը, գոյություն չունի, քանի որ ՍԴ նախագահը չի կարող Դատարանի լիազորությունները միանձնյա իրականացնել: «Ի սկզբանե չէր կարելի ինձ վերագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածով քննություն իրականացնել, քանի որ կա համաներման մասին օրենքը: Բայց նախաքննություն իրականացնող մարմինը թքած ուներ այս ամենի վրա»,-ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ իր դեմ որևէ ապացույց կամ փաստ չկա, որը հիմնավոր կասկած է առաջացնում ենթադրյալ հանցագործությանն իր առնչության հարցում, ավելին, Բաբայանի պնդմամբ՝ քրգործում կան նյութեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը, սակայն նախաքննության մարմինը դրանք չներկայացրեց դատարան:

«Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ: Այս ամենն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իշխանության շտապողականությունը տպավորություն է թողնում, թե՝ փորձենք, կստացվի՝ կստացվի: Այս գործը չունի ապագա, կալանավորման գործընթացն ապօրինի էր: Այս քայլն արվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- կարծում է Արսեն Բաբայանը:

«Եթե ակնկալում էին, որ պիտի սուտ ցուցմունք տայի, և դրանով պիտի որևէ քաղաքական նպատակի հասնեին, ի սկզբանե պարզ էր, որ նման բան չէր լինելու»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ իր դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են, օրենքի որևէ դրույթ պահպանված չէ. «Արվել է մի բան, որի տակից դուրս չէին գալու: Եվ քաղաքական որոշում կայացվեց, որ օր առաջ ազատվեն այս գլխացավանքից»:

x