ԱԺ-ում ընդունվեցին օրենքի մի շարք նախագծեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- նշել էր Տերտերյանը:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախատեսվող փոփոխությամբ՝ Վարչապետին կամ Կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանվել են, մասնավորապես, տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվել են մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրվել են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները:

Առանձնացնելով գլխավոր փոփոխություններից մի քանիսը՝ Տերտերյանը, մասնավորապես, նշել էր, որ նախագծի ընդունմամբ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կկարգավորվի օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով:

Նա կարևոր փոփոխություն էր համարել նաև այն, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխվում է պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական հարթություն: Բացի այդ, այս նախագծով մարզպետների լիազորությունները նկարագրվել են ավելի կոնկրետ:

x